Դպրոցում ծնողների հետ քննարկվել են մեդիագրագիտության և անվտանգ կրթական միջավայրի ձևավորման վերաբերյալ հիմնարար հարցեր

Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ աշխատանքային հանդիպում տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ծնողական խորհրդի անդամները։

Հանդիպման հիմնական նպատակը ծնողների շրջանում մեդիագրագիտության հմտությունների զարգացումն էր, քննադատական մտածողության խթանումը, անհատական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացումն ու ապահով և առողջ կրթական միջավայրի ձևավորումը։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝

  • սոցիալական ցանցերում ապահով հաղորդակցության կանոններ,
  • կիբեռբուլինգի և կիբեռհանցագործությունների տեսակներ,
  • անձնական լուսանկարների, տեսանյութերի և տվյալների անվտանգության պահպանում,
  • համացանցում սեփական և այլոց իրավունքների պաշտպանություն։

Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց նաև իրական օրինակներ և դեպքեր՝ օգնելով մասնակիցներին ավելի խորությամբ հասկանալ թվային միջավայրի ռիսկերը և դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմները։

Իր հերթին՝ ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը անդրադարձավ դպրոցական միջավայրում բռնության և բուլինգի դրսևորումների կանխարգելման, հոգեբանական աջակցության տրամադրման և ընտանիք-դպրոց համագործակցության ամրապնդման գործիքներին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արհեստական բանականության կիրառման արդիական խնդիրներին՝ ընդգծելով, որ թվային միջավայրում ԱԲ գործիքների լայն կիրառությունը տվյալների մշակման և որոշումների ընդունման գործընթացներում առաջացնում է նաև գաղտնիության և անվտանգության նոր մարտահրավերներ։

Առանձին ուշադրություն դարձվեց ԱԲ կիրառությանը կրթության ոլորտում՝ նշելով դրա հնարավորությունները ուսուցման անհատականացման և արդյունավետության բարձրացման հարցում։ Միաժամանակ շեշտվեց հստակ կանոնակարգման և պատասխանատու կիրառման անհրաժեշտությունը՝ անձնական տվյալների պաշտպանության ապահովման նպատակով։

Քննարկվեց նաև արհեստական բանականությամբ կեղծ նկարների, ձայնային և տեսանյութերի («deepfake») ստեղծման խնդիրը՝ որպես տեղեկատվական անվտանգության և հանրային վստահության համար լուրջ ռիսկ։ Կարևորվեց մեդիագրագիտության զարգացումն ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը։

Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով․ ծնողները ներկայացրին իրենց հարցերը, կիսվեցին փորձով և առաջարկեցին նոր գաղափարներ։

Հանդիպման արդյունքում ձևավորվեց ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպես լինել տեղեկացված և պատասխանատու ինտերնետ-օգտատեր, ինչպես նաև ինչպես ապահովել անվտանգ, հոգատար և ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա պաշտպանված, գնահատված և լսված։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.12.2025)
Դիտումներ: 226 | Վարկանիշ: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar