|
Երրորդ տարին անընդմեջ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հաղթող է ճանաչվել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված մրցույթում, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթը կրում էր «Երգենք ու պարենք մայրենիով» խորագիրը և համախմբել էր շուրջ 500 հանրակրթական դպրոց։ Մրցույթն անցկացվել է 2026 թվականի փետրվարի 13-20-ը ներառյալ։ Համաձայն սահմանված կարգի՝ յուրաքանչյուր դպրոց կարող էր ներկայացնել մինչև մեկ րոպե տևողությամբ մեկ տեսանյութ՝ ազգային երգ ու պարի բեմականացմամբ՝ կիրառելով ստեղծագործ և նորարար մոտեցումներ։ Մասնակից դպրոցները պետք է իրենց սոցիալական հարթակներում հրապարակած տեսանյութերն ուղարկեին #երգենքուպարենքմայրենիով նշիչով։ Ուսումնական հաստատություններից ստացվել է շուրջ 500 տեսանյութ, որոնցից սահմանված չափանիշներին համապատասխանող 190 աշխատանք է դիտարկվել մրցութային հանձնաժողովի կողմից։ ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը ընտրել է լավագույն 10 տեսանյութերը, որոնց թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատանքը։ Հաղթող դպրոցները կպարգևատրվեն նախարարության շնորհակալագրերով և խրախուսական նվերներով։ Մրցույթի շրջանակում դպրոցի ներկայացրած տեսանյութում համադրված են ազգային երգն ու պարը՝ հայկական ավանդական մշակույթը ներկայացնող նվագարանների ուղեկցությամբ։ Աշխատանքի հիմնական նպատակն է արժևորել մայրենի լեզուն՝ այն ներկայացնելով ազգային մշակութային ժառանգության համատեքստում և ընդգծելով լեզվի ու ինքնության անքակտելի կապը։ Հատկանշական է, որ սովորողների ազգային հագուստները ստեղծվել են դպրոցում իրականացված նախագծային աշխատանքի արդյունքում՝ դառնալով կրթական նախաձեռնության կարևոր և տեսանելի արդյունք։ Այսպիսով, աշակերտները հանդես են եկել ոչ միայն որպես կատարողներ, այլև որպես մշակութային արժեքների վերարտադրության ակտիվ մասնակիցներ։ Նախագծում ընդգրկված են՝
Աշխատանքները համակարգել են «Երաժշտություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Հովհաննիսյանն ու «Հայոց լեզու» առարկայի ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը։ Նկարահանման աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերել 6-րդ «Ա» դասարանի ծնող Մհեր Մաշուրյանը՝ իր ներդրմամբ նպաստելով նախաձեռնության հաջող իրականացմանը։ Դպրոցի այս հերթական հաղթանակը ևս մեկ անգամ վկայում է, որ համակարգված աշխատանքը, ստեղծագործ մոտեցումն ու ազգային արժեքների պահպանմանն ուղղված ջանքերը բերում են բարձր արդյունքների։
| |
|
| |
| Դիտումներ: 219 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


