|
Փետրվարի 27-ից մարտի 2-ը Գորիս քաղաքում անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի առաջին՝ համայնքային փուլը։ Մրցումներին մասնակցում էին Գորիս, Տեղ և Տաթև համայնքների բոլոր դպրոցները՝ 5-6-րդ և 7-9-րդ դասարանների աշակերտական թիմերով։ Մրցապայքարն անցավ լարված և հետաքրքիր մթնոլորտում․ թիմերը հանդես եկան բարձրակարգ ու մրցունակ խաղով՝ ցուցադրելով թիմային համերաշխություն, մարտական ոգի և տեխնիկական պատրաստվածություն։ Յուրաքանչյուր խաղ վերածվեց իրական սպորտային տոնի՝ լի պայքարով և գեղեցիկ դրվագներով։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-6-րդ և 7-9-րդ դասարանների թիմերը ցուցաբերեցին կազմակերպված և համառ խաղ՝ արժանանալով պատվավոր երրորդ հորիզոնականին։ Աշակերտները վստահորեն պաշտպանեցին դպրոցի պատիվը՝ դրսևորելով պատասխանատվություն, փոխօգնություն և հաղթանակի ձգտում։ Մրցումների հիմնական նպատակը դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացումն ու զարգացումն է, ինչպես նաև տաղանդավոր և հեռանկարային մարզիկների հայտնաբերումը՝ նրանց հետագա ընդգրկման համար Հայաստանի Հանրապետության առաջնություններին մասնակցող թիմերում։ Միևնույն ժամանակ կարևոր է դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդումը, առողջ ապրելակերպի ձևավորումը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի դերի բարձրացումը կրթական գործընթացում։ Համայնքային փուլը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դպրոցական սպորտը ոչ միայն մրցակցություն է, այլև համախմբման, առողջ սերնդի ձևավորման և հաղթանակների ճանապարհ։
| |
|
| |
| Դիտումներ: 34 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



