|
Օրը տոնական ու հիշարժան էր Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Բ» դասարանում։ Ավարտական Վերջին դասին ընդառաջ անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Զանգերի կախման» միջոցառումը, որն այս տարի ևս վերածվեց ոչ միայն անցած ճանապարհի արժևորման, այլև ջերմ զգացումների, երախտագիտության ու ընկերության յուրահատուկ արտահայտման։ Միջոցառման ընթացքում հնչող երաժշտությունը հուշում էր՝ սա պարզապես մի փուլի ավարտ չէ, այլ նոր կյանքի սկիզբ։ «Զանգերի կախման» խորհրդանշական արարողությունը, որպես անցում մանկությունից դեպի պատանեկություն, առանձնահատուկ խորհուրդ ուներ յուրաքանչյուրի համար։ Ամրացված յուրաքանչյուր զանգ կարծես մի գունավոր հուշ լիներ՝ պահպանված ժամանակի մեջ։ Մթնոլորտը լցված էր հույզերով․ միջոցառումը համեմված էր երգով ու պարով, շնորհակալական խոսքերով, որոնք ուղղված էին թե՛ ուսուցիչներին, թե՛ միմյանց։ Սովորողների իննամյա ճանապարհը ներկայացվեց լուսանկարների, հուշերի ու պատմությունների միջոցով՝ երբեմն ժպիտով, երբեմն՝ հուզմունքով, բայց միշտ անկեղծությամբ։ Դասղեկ Լիանա Գրիգորյանի հուզիչ խոսքը դարձավ օրվա կարևոր ուղերձը։ Նա աշակերտներին մաղթեց երբեք չբավարարվել ունեցածով, շարունակել որոնել նորը, գնահատել գիտելիքի ուժը և այն ծառայեցնել թե՛ իրենց, թե՛ համայնքի բարօրությանը։ Նրա խոսքով՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր կարողանում են համադրել սրտի ջերմությունն ու մտքի լուսավորությունը։ Այս օրը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դպրոցական տարիները միայն գիտելիքի ձեռքբերում չեն, այլ նաև արժեքների ձևավորում, ընկերության ամրացում և կյանքի կարևոր դասերի յուրացում։ Իսկ հնչած զանգերը այս անգամ ազդարարում էին ոչ թե ավարտ, այլ նոր ճանապարհի սկիզբ։
| |
|
| |
| Դիտումներ: 265 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





