|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանում հնչել են վերջին զանգին նախորդող ամենահուզիչ ակորդները․ դպրոցում կազմակերպվել է ավանդական «Զանգերի կախման» միջոցառումը, որը վերածվել է հիշողություններով, ժպիտներով ու արցունքներով լի յուրահատուկ տոնի։ Միջավայրն այդ օրը լցված էր ոչ միայն տոնական տրամադրությամբ, այլև տարիների ջերմությամբ։ Սովորողները, ծնողները և ուսուցիչները միասին վերհիշել են իննամյա դպրոցական ճանապարհի ամենագեղեցիկ ու անմոռանալի պահերը՝ մանկական առաջին քայլերից մինչև հասունացող երազանքներ։ Յուրաքանչյուր լուսանկար, յուրաքանչյուր պատմություն ներկաների համար վերածվել էր անցյալի կենդանի պատառիկի, որը նորից բերում էր դպրոցական անհոգ օրերի շունչը։ Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով, շնորհակալության ու գնահատանքի խոսքերով։ Սովորողները ջերմ խոսքեր են հղել իրենց ուսուցիչներին՝ նրանց անվանելով իրենց կյանքի կարևոր ուղեկիցներ, իսկ ծնողները հպարտությամբ ու հուզմունքով հետևել են երեխաների արդեն հասունացած քայլերին։ Օրվա ամենախորհրդանշական պահը դարձել է «զանգերի կախման» արարողությունը։ Ամրացված փոքրիկ զանգերը խորհրդանշել են դպրոցական տարիների հիշողությունները, ընկերությունը, առաջին հաջողություններն ու միասին հաղթահարված դժվարությունները։ Այդ զանգերից յուրաքանչյուրն իր մեջ պահում էր մի ամբողջ պատմություն՝ մանկությունից դեպի նոր կյանքի փուլ անցնելու մասին։
Հուզիչ ու խորհրդանշական էր նաև դասղեկ Անուշ Սարգիսջանյանի ուղերձը։ Նա սովորողներին կոչ է արել միշտ ձգտել նոր գիտելիքների, չվախենալ դժվարություններից և երբեք չդադարել երազել։ Նրա խոսքով՝ մարդու ամենամեծ ուժը կրթությունն է, իսկ ամենալուսավոր ճանապարհը՝ մարդ մնալու կարողությունը։ Միջոցառումն ավարտվել է ջերմ գրկախառնություններով, ժպիտներով ու մի փոքր տխրությամբ, որովհետև ավարտվող յուրաքանչյուր դպրոցական օր իր հետ տանում է մի ամբողջ մանկություն։ Սակայն այդ օրը բոլորի սրտերում մնաց որպես գեղեցիկ հիշողություն՝ լի սիրով, երախտագիտությամբ և նոր կյանքի հանդեպ հավատով։
| |
|
| |
| Դիտումներ: 235 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


Միջոցառմանը ներկա է եղել նաև դասարանի առաջին ուսուցիչ Վարդ Գրիգորյանը, ով սիրով ու ջերմությամբ հիշել է իր սովորողների հետ անցած տարիները։ Նրա խոսքը լի էր մայրական հոգատարությամբ ու հպարտությամբ։ Ուսուցչուհին նշել է, որ տարիների ընթացքում երեխաները ոչ միայն մեծացել են, այլև ձևավորվել որպես անհատներ՝ պահպանելով ընկերասիրությունն ու համերաշխությունը։ Նա շնորհակալություն է հայտնել դասղեկ Անուշ Սարգիսջանյանին՝ դասարանի միասնականությունն ու ջերմ մթնոլորտը տարիներ շարունակ պահպանելու համար։










