|
Մայիսի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել է իրազեկման հանդիպում դպրոցի մանկավարժների և 9-րդ դասարանների սովորողների ծնողների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր բարձրացնել ծնողների և կրթական համայնքի իրազեկվածությունը անչափահասների անվտանգության, իրավական պատասխանատվության և հասարակական վարքականոնների պահպանման վերաբերյալ։ Իրազեկման հանդիպումն անցկացրել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սարգիս Խաչյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը։ Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու հետևանքները, անչափահասների կողմից ավտոմեքենա վարելու վտանգներն ու իրավական պատասխանատվությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ոգելից խմիչքների օգտագործման բացասական ազդեցություններին։ Բանախոսները ծնողներին և մանկավարժներին տեղեկացրել են նաև ՀՀ քրեական և վարչական օրենսգրքերում նախատեսված մի շարք դրույթների մասին՝ շեշտադրելով անչափահասների շրջանում կանխարգելիչ աշխատանքի կարևորությունը։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներին՝ շարունակական և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև կրթական հաստատությունում պարբերաբար իրականացվող իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը սովորողների անվտանգ և իրավագիտակից միջավայր ձևավորելու գործում։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերն ու ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
| |
|
| |
| Դիտումներ: 131 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





