Առաջին անգամ Գորիսում անցկացված «ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ»-ում հաղթեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը

Առաջին անգամ Գորիսում անցկացվեց 2026 թ․ «ՀՀ Վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» համայնքային փուլը, որը վերածվել էր իսկական սպորտային տոնի։ Մրցաշարը միավորել էր տարածաշրջանի դպրոցականներին՝ մեկ հարկի տակ հավաքելով եռանդը, պայքարի ոգին ու հաղթելու ձգտումը։

Համայնքային փուլին մասնակցեցին 7 դպրոցների շուրջ 80 աշակերտներ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից, Գորիսի թիվ 2, թիվ 5, Վերիշենի, Ակների, Քարահունջի միջնակարգ դպրոցներից և Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցից։ 

Խաղադաշտում տիրում էր լարված, բայց միևնույն ժամանակ ջերմ ու ընկերական մթնոլորտ։ Յուրաքանչյուր թիմ պայքարում էր մինչև վերջին րոպեն՝ ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ, կամք և համառություն։

Մեր դպրոցի սաները խաղադաշտ մտան մեծ վստահությամբ ու միասնականությամբ։ Նրանց խաղը լի էր արագությամբ, ճշգրիտ փոխանցումներով և հաղթանակի անսահման ցանկությամբ։ Ամեն գոլից հետո ավելի էր ուժեղանում թիմային ոգին, իսկ հանդիսատեսի ոգևորությունը լցնում էր ամբողջ դահլիճը։ Խոշոր հաշիվներով տոնելով հաղթանակներ՝ մեր թիմը պատվով գրավեց 1-ին տեղը և նվաճեց մարզային փուլին մասնակցելու իրավունքը։

Այս հաղթանակի հիմքում կանգնած էին ոչ միայն երեխաների ջանքն ու աշխատասիրությունը, այլև ուսուցիչների նվիրումը, համբերությունն ու հոգատար աշխատանքը։ 

Թող այս հաղթանակը դառնա նոր հաջողությունների սկիզբ, իսկ մեր սաները նույն ոգով շարունակեն իրենց հաղթական ճանապարհը՝ բարձր պահելով դպրոցի և համայնքի անունը:

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.05.2026)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 2.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar