|
Հունիսի 12-ին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ամփոփեցին «Ուսումնառության կայուն արդյունքների ապահովում» համատեղ ծրագիրը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ և Ճապոնիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ 2025–2026 թվականներին իրականացված ծրագիրն ընդգրկել է Հայաստանի յոթ մարզերի ութ դպրոց և շուրջ 900 աշակերտ։ Նախաձեռնության առանցքում եղել են երկարօրյա պարապմունքները, որոնք նպատակ են ունեցել աջակցելու հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ինչպես նաև տարբեր պատճառներով կրթական գործընթացից դուրս մնացած երեխաների ուսումնառությանը։ Ծրագիրը միտված էր ոչ միայն սովորողների ակադեմիական առաջընթացի ապահովմանը, այլև նրանց սոցիալ-հուզական բարեկեցության ամրապնդմանը՝ դպրոցներում ձևավորելով ապահով, ընդունող և աջակցող կրթական միջավայր։ Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ներկայացուցիչները։ Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված հիմնական մարտահրավերներին, երեխաների կրթական ներգրավվածության մակարդակին, ուսումնառության արդյունքներին, ինչպես նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման և համագործակցության մշակույթի վրա ծրագրի թողած ազդեցությանը։ Միջոցառման ընթացքում դպրոցի դասվար Կարինե Մալխասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված հաջողություններն ու դրական փոփոխությունները։ Նա մասնակիցներին ներկայացրել է առաջընթացի վերաբերյալ թվային տվյալներ՝ ընդգծելով ծրագրի արդյունավետությունը և դրա նշանակալի ազդեցությունը սովորողների կրթական արդյունքների բարելավման գործում։ Փակման միջոցառման ընթացքում շահառու դպրոցների ուսուցիչները կիսվել են իրենց փորձառությամբ, ներկայացրել լավագույն փորձերը և քննարկել կրթության մատչելիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ համակարգային փոփոխությունները։ Ծրագրի ամփոփումը ևս մեկ անգամ փաստեց, որ կրթական համագործակցային նախաձեռնությունները կարող են կարևոր դեր ունենալ կրթական բացերի հաղթահարման, երեխաների ներառական կրթության ապահովման և դպրոցներում կայուն զարգացման մշակույթի ձևավորման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 89 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









