Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողների տեսանյութը «Merci հետո կասես» կրթական արշավի լավագույնների թվում

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից իրականացվող «Merci հետո կասես» կրթական արշավը շարունակում է ոգեշնչել դպրոցականներին սովորել ֆրանսերեն՝ բացահայտելով լեզվի մշակութային հարստությունն ու այն հնարավորությունները, որոնք այն կարող է ստեղծել երիտասարդների համար։ Արշավի հիմնական գաղափարն է ցույց տալ, որ ֆրանսերենը մեր առօրյայում արդեն իսկ իր տեղն ունի՝ բազմաթիվ փոխառված բառերի միջոցով, և որ այս լեզվի իմացությունը կարող է նոր դռներ բացել յուրաքանչյուր սովորողի առջև։

Արշավին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը։ Նախաձեռնության շրջանակում դպրոցի աշակերտական խորհրդի անդամները պատրաստել են ստեղծագործական տեսանյութ, որտեղ ֆրանսերեն լեզվով ներկայացրել են աշխարհահռչակ «Կարմիր գլխարկը» հեքիաթը։

«Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի աջակցությամբ սովորողները մշակել և ներկայացրել են հեքիաթի իրենց տարբերակը՝ ամբողջությամբ ֆրանսերենով։ Տեսանյութում հանդես են եկել Միլենա Մելքումյանը, Անի Մալունցը, Գագիկ Պողոսյանը և Սամվել Ղազարյանը, որոնք հետաքրքիր ու արտահայտիչ խաղով ներկայացրել են հայտնի ստեղծագործությունը։

Հունիսի 17-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացել է մրցույթի հանդիսավոր ամփոփումը։ Միջոցառման ընթացքում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սովորողների պատրաստած տեսանյութը ցուցադրվել է ներկաների համար և ընդգրկվել մրցույթի լավագույն տասը տեսանյութերի շարքում՝ արժանանալով բարձր գնահատանքի թե՛ դեսպանատան ներկայացուցիչների, թե՛ միջոցառման մասնակիցների կողմից։

Մրցույթի արդյունքներով Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը և նախաձեռնությանը մասնակցած սովորողները Ֆրանսիայի դեսպանատան կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով։

Դպրոցի համար այս հաջողությունը ևս մեկ անգամ վկայում է օտար լեզուների ուսուցման կարևորության, սովորողների ստեղծագործական ներուժի և միջազգային կրթական ծրագրերին նրանց ակտիվ մասնակցության մասին։

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 60 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar