|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի ստեղծած «Վերագտած ընկերություն» կարճամետրաժ ֆիլմը հանրապետական փառատոնում ներկայացրեց դպրոցական միջավայրում ընկերության, փոխադարձ հարգանքի և համագործակցության կարևորությունը։ Հուլիսի 10-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կայացավ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) նախաձեռնած «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» հանրապետական դպրոցական նախագծի եզրափակիչ փառատոնը, որը համախմբեց Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների ստեղծարար սովորողներին, մանկավարժներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին։ Փառատոնի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժնի պետ Նարինե Սիրականյանը։ Նրանք կարևորեցին ստեղծագործական կրթական նախաձեռնությունների դերը սովորողների արժեքային համակարգի, ստեղծարար մտածողության և համագործակցային հմտությունների զարգացման գործում։ Սյունիքի մարզը եզրափակիչ փառատոնին ներկայացավ մի շարք կրթական հաստատություններով։ Մարզը ներկայացնում էին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, Տանձատափի միջնակարգ դպրոցը, Սվարանցի միջնակարգ դպրոցը և Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որոնք պատվով ներկայացրին իրենց կրթօջախներն ու մարզը հանրապետական հարթակում։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը մրցութային ծրագրին մասնակցեց «Վերագտած ընկերություն» կարճամետրաժ ֆիլմով, որը նվիրված է դպրոցական միջավայրում առողջ հարաբերությունների, փոխադարձ հարգանքի, ընկերության և համագործակցության արժեքների ձևավորմանը։ Ֆիլմը ներկայացնում է հինգ դպրոցականների պատմություն՝ ընդգծելով, որ իրական ընկերությունը կառուցվում է վստահության, ազնվության, փոխօգնության և միմյանց հանդեպ պատասխանատվության վրա։ Ստեղծագործության առանցքային գաղափարներից են ընկերների ընտրության պատասխանատվությունը, տարաձայնությունների խաղաղ կարգավորումը, ներողամտության և փոխզիջման կարևորությունը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիական միջավայրում կենդանի շփումների և մարդկային անմիջական հաղորդակցության արժևորումը։ Դպրոցական միջավայրում ծավալվող իրադարձությունները ցույց են տալիս, որ կրթօջախը միայն գիտելիքի փոխանցման վայր չէ, այլ նաև այն տարածքը, որտեղ ձևավորվում են երեխայի սոցիալական հմտությունները, արժեհամակարգն ու քաղաքացիական գիտակցությունը։ «Վերագտած ընկերություն» ֆիլմը ստեղծվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Այն դարձել է դպրոցականների ստեղծագործական աշխատանքի, թիմային համագործակցության և կրթության միջոցով կարևոր հասարակական արժեքների տարածման հաջողված օրինակներից մեկը։
| |
|
| |
| Դիտումներ: 147 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




