«Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց»․ առաջին քայլերը դեպի դպրոցական կյանք Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ակտիվ և ջերմ մթնոլորտում շարունակվում է «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրը, որը նախատեսված է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող փոքրիկների համար։

Ծրագրի հիմնական նպատակը նախադպրոցական միջավայրից դպրոցական կյանք անցումը երեխաների համար դարձնել հնարավորինս սահուն, հաճելի և վստահելի՝ օգնելով նրանց սիրով ու հետաքրքրությամբ բացել դպրոցական կյանքի առաջին էջը։

Ամառային հանդիպումների ընթացքում երեխաները մասնակցում են բազմաբնույթ ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական և խաղային գործունեությունների։ Դրանք նպաստում են հաղորդակցական, սոցիալական, ստեղծագործական և ճանաչողական հմտությունների զարգացմանը, ձևավորում համագործակցելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու և նոր միջավայրում ազատ շփվելու կարողություններ։

Ծրագրի շրջանակում ապագա առաջին դասարանցիները քայլ առ քայլ ծանոթանում են դպրոցի միջավայրին, դասասենյակներին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, սովորում են աշխատել խմբերով, համագործակցել, կիսվել գաղափարներով, լինել պատասխանատու և ինքնուրույն։ Այս ամենը կարևոր հիմք է ստեղծում նրանց հաջող դպրոցական մեկնարկի համար։

Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովում են դպրոցի փորձառու դասվարներ Ռիտա Շալունցը, Իրինա Ջավահիրյանը, Անահիտ Աղաբեկյանը և Տաթևիկ Փարսադանյանը, որոնք երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան կազմակերպում են հետաքրքիր, բովանդակալից և զարգացնող գործունեություններ՝ յուրաքանչյուր հանդիպումը վերածելով ուրախ ու հիշարժան փորձառության։

Հիշեցնենք, որ «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ։

Դպրոցական մեծ ճանապարհը սկսվում է առաջին ժպիտից, առաջին ընկերությունից և առաջին վստահ քայլից, իսկ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում այդ քայլերն արդեն վստահորեն արվում են։

    

    

    

    

     

    
    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 90 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar