|
Սեպտեմբերի 29-ին Գորիսում տեղի է ունեցել Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ԳՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված հոբելյանական աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Մերի Մկրտչյանը և տարրական կրթության միավորման նախագահ, դասվար Ռիտա Շալունցը։ «Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունների լիարժեք իրացմանը» գաղափարի շուրջ համախմբված աշխատաժողովը մեկ հարթակում հավաքել էր կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչների, ՏՄԱԿ-ների տնօրենների, դպրոցների ղեկավարների, մանկավարժների և ոլորտի մասնագետների։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել Գորիսի ՏՄԱԿ-ի տասնամյա գործունեությանը, անցած ճանապարհին, արձանագրված ձեռքբերումներին, մասնագիտական թիմի զարգացմանը և կրթական հաստատությունների հետ ձևավորված համագործակցությանը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության արդյունավետ կազմակերպմանն առնչվող արդի խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավորություններին։ Աշխատաժողովի բացման խոսքում ընդգծվել է, որ կենտրոնի գործունեության անցած տասնամյակը ոչ միայն կառույցի ձևավորման և զարգացման պատմություն է, այլև երեխաների կրթական իրավունքների իրացմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը միտված աշխատանքի, ձեռքբերումների և մարդկային պատմությունների տասնամյակ։ ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը շնորհավորել է Գորիսի ՏՄԱԿ-ի աշխատակիցներին հոբելյանի առթիվ՝ բարձր գնահատելով կենտրոնի անցած ուղին և կրթական համայնքում ունեցած դերակատարությունը։ «10 տարի՝ հոգատարության, աջակցության և միասնական աշխատանքի ուղի։ Կենտրոնի ստեղծումն ու կայացումը հեշտ ճանապարհ չի եղել, սակայն ձեր նվիրվածության, համառ աշխատանքի և միասնական ջանքերի շնորհիվ կենտրոնը դարձել է դպրոցների և կրթական համայնքի կարևոր ու վստահելի գործընկեր»,– նշել է Մերի Գանդալյանը։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ներառական կրթության արդյունավետ իրականացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառմանը, մանկավարժների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կրթական միջավայրի շարունակական բարելավմանը։ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցը ներկայացրել է կենտրոնի գործունեության տասնամյա ճանապարհը՝ անդրադառնալով իրականացված աշխատանքներին, ձեռքբերումներին, մասնագիտական թիմի զարգացմանը և կրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքներին։
Հոբելյանական աշխատաժողովում զեկույցներով հանդես են եկել նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը և տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ, դասվար Ռիտա Շալունցը։ Սերգեյ Ավանեսյանը ներկայացրել է «Տեխնոլոգիան՝ որպես ներառական կրթության կամուրջ. ՏՀՏ գործիքները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար» թեման՝ անդրադառնալով տեխնոլոգիական գործիքների կիրառման հնարավորություններին և դրանց դերին ներառական կրթական միջավայրի ձևավորման գործընթացում։ Ռիտա Շալունցը հանդես է եկել «Դասարան, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է» թեմայով՝ ներկայացնելով սովորողակենտրոն և ներառական դասարանի ձևավորման մոտեցումները, որտեղ յուրաքանչյուր սովորող դիտարկվում է որպես կրթական գործընթացի լիարժեք մասնակից։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ու քննարկումները կարևորեցին դպրոցների, ՏՄԱԿ-ների և կրթության ոլորտի մյուս կառույցների միջև համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը՝ ներառական կրթության որակի բարձրացման և յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքներին արդյունավետ արձագանքելու համատեքստում։ Հոբելյանական աշխատաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց Գորիսի ՏՄԱԿ-ի կարևոր դերակատարությունը կրթական համակարգում՝ որպես սովորողի կրթության իրավունքի իրացմանը, կրթական դժվարությունների հաղթահարմանը և յուրաքանչյուր երեխայի ներուժի բացահայտմանն ու զարգացմանը աջակցող կառույց։
| |
|
| |
| Դիտումներ: 74 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







