|
«Ողջ տարին գրքի հետ» նախաձեռնության շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանում անցկացվեց յուրօրինակ բաց դաս՝ «Գրական դատ» խորագրով՝ Աղասի Այվազյանի «Գրախանութ» պատմվածքի մոտիվներով։ Դասը վերածվել էր դատական նիստի, որի առանցքում ոչ թե սովորական իրավախախտումն էր, այլ հասարակության անտարբերությունը գրքի, ընթերցանության և հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ։ Սովորողները ստանձնել էին դատավարության մասնակիցների դերերը՝ փորձելով բացահայտել պատմվածքի կերպարների ներաշխարհը, վերհանել նրանց վարքագծի դրդապատճառներն ու պատասխանատվության հարցը։ Քննության ընթացքում բախվեցին տարբեր դիրքորոշումներ, հնչեցին փաստարկներ, ներկայացվեցին հակափաստարկներ, իսկ գրական տեքստը դարձավ բանավեճի և մտորումների հիմք։ Սովորողները չէին սահմանափակվել ստեղծագործության սյուժեի վերապատմմամբ։ Նրանք խորքային մեջբերումները համադրել էին սեփական մեկնաբանությունների և ստեղծագործական հավելումների հետ՝ դրանք վերածելով բարոյական ու գաղափարական փաստարկների։ Դատական քննարկման ընթացքում զուգահեռներ անցկացվեցին պատմվածքում պատկերված ժամանակաշրջանի և մերօրյա իրականության միջև՝ անդրադառնալով գրքի դերին, ընթերցանության մշակույթին և հասարակության արժեքային կողմնորոշումներին։ Բաց դասի նպատակն էր խորացնել ստեղծագործության գաղափարական, սոցիալական և փիլիսոփայական շերտերի ընկալումը, զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, բանավիճելու, դիմացինին լսելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունները, ինչպես նաև ամրապնդել սերն ու հարգանքը գրքի, մշակույթի և հոգևոր արժեքների նկատմամբ։ Դասն ամփոփելով՝ ուսուցչուհի Սոնա Հարությունյանն ընդգծեց 21-րդ դարի սովորողի ստեղծագործական երևակայության և քննադատական մտածողության զարգացման կարևորությունը՝ շեշտելով ստեղծարար, նախաձեռնող ու պրպտուն սերունդ կրթելու անհրաժեշտությունը։ «Գրական դատը» ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գրականությունը միայն կարդալու և վերլուծելու նյութ չէ․ այն հարցեր բարձրացնելու, սեփական դիրքորոշումը վերանայելու և հասարակության առջև ծառացած խնդիրները գիտակցելու միջոց է։ Իսկ այս դատավարության ամենակարևոր հարցը, թերևս, մնաց բաց յուրաքանչյուրիս համար․ ո՞վ է պատասխանատու, երբ հասարակությունը դադարում է արժևորել գիրքն ու հոգևոր արժեքները։
| |
|
| |
| Դիտումներ: 57 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





