«Այգեկութ»․ ազգային ավանդույթների, երգի ու պարի տոն Գորիսում

Հոկտեմբերի 19-ին Գորիսի երկրագիտական թանգարանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Այգեկութ»՝ խաղողաքաղի ավանդական հայ ազգային տոնածեսը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա շրջանակում կազմակերպված միջոցառումը համախմբեց ազգային երգի, պարի և երաժշտության սիրահարներին՝ ստեղծելով ջերմ, հարազատ ու տոնական մթնոլորտ։

Միջոցառմանը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի երգչախումբը՝ ղեկավար Թամարա Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Սովորողների ելույթը տոնական օրվա կարևոր ու գունեղ դրվագներից էր՝ ևս մեկ անգամ արժևորելով ազգային երգարվեստի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։

Տոնական միջոցառմանը մասնակցեցին նաև «Վահե Մելքումյան» պարային համույթը, Գուսան Աշոտի անվան ժողովրդական գործիքների համույթը և Նարեկ Պետրոսյանը, որոնք իրենց կատարումներով հարստացրին օրը՝ ներկաներին փոխանցելով ազգային մշակույթի գեղեցկությունն ու հմայքը։

Օրվա ընթացքում վերակենդանացան հայկական ավանդույթներն ու ծիսական սովորույթները՝ ներկաներին հաղորդակից դարձնելով մեր նախնիներից ժառանգած մշակութային արժեքներին։ Իսկ միջոցառման ավարտին, հավատարիմ հայոց հյուրընկալության գեղեցիկ ավանդույթին, հյուրերին հյուրասիրվեց հարիսա՝ խորհրդանշելով միասնականությունը, առատությունն ու սեղանի շուրջ համախմբվելու ջերմությունը։

«Այգեկութը» պարզապես տոն չէր․ այն մեր հողի, աշխատանքի, բերքի ու արմատների հետ կապը վերապրելու գեղեցիկ առիթ էր։ Այն ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ազգային արժեքները կենդանի են այնքան ժամանակ, քանի դեռ մենք դրանք պահպանում, ապրում ու սիրով փոխանցում ենք սերունդներին։

Մեր ազգային մշակույթը շարունակվում է նաև դպրոցում՝ սովորողների երգի, պարի, ստեղծագործական ոգու և հայրենի ավանդույթների հանդեպ սիրո միջոցով։

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 22 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar