«Համերաշխության ձայնը»․ երբ դասը վերածվում է հեռուստահաղորդման

Ի՞նչ է համերաշխությունը, որտե՞ղ է այն ապրում, և ինչպե՞ս կարող ենք այն դարձնել մեր առօրյայի մի մասը։ Այս հարցերի շուրջ ստեղծագործական ու հետաքրքիր քննարկում ծավալվեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում։

«Որտե՞ղ է ապրում համերաշխությունը» թեմայի շրջանակում սովորողները ստացան խմբային առաջադրանք և որոշեցին իրենց մտքերն ու գաղափարները ներկայացնել անսովոր ձևաչափով՝ կազմակերպելով «Համերաշխության ձայնը» խորագրով հեռուստակամուրջ։

Դասասենյակը վերածվեց իսկական հեռուստատաղավարի։ Փոքրիկները ստանձնեցին հաղորդավարի, լրագրողի, համերաշխության ու ընկերության դեսպանների և բանբերի դերերը։ Հարցազրույցների միջոցով նրանք ներկայացրին իրենց պատկերացումները համերաշխության մասին՝ կարևորելով միմյանց լսելու, տարբեր կարծիքները հարգելու, դժվար պահերին աջակցելու և միասին լուծումներ գտնելու կարողությունները։

Մյուս խմբերը ևս անմասն չմնացին․ նրանք ներկայացրին թեմատիկ պաստառներ, հարցազրույցներ և ստեղծագործական այլ աշխատանքներ՝ յուրաքանչյուրն իր ձևով բացահայտելով համերաշխության գաղափարը։

Երեխաները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել առաջադրանքին․ պատրաստել էին հեռուստատաղավար, ցուցանակներ, կարգախոսներ ու խորհրդանշական նվերներ։ Նրանց աշխատանքում նկատելի էին երևակայությունը, համագործակցելու պատրաստակամությունն ու յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ցուցաբերած ուշադրությունը։

Իսկ հեռուստակամրջի ամենախորհրդավոր պահը դեռ առջևում էր։ Ներկայացման ավարտին բացվեց խորհրդավոր արկղը, որում թաքնված էին դասընկերների համար նախատեսված փոքրիկ նվերներ՝ ջերմ ուղերձներով։ Այդ գեղեցիկ անակնկալը դարձավ օրվա խորհրդի յուրօրինակ արտահայտությունը՝ հիշեցնելով, որ երբեմն մեկ բարի խոսքը, փոքրիկ ուշադրությունն ու օգնության պատրաստակամությունը կարող են մեծ ուրախություն պարգևել։

Այս ստեղծագործական աշխատանքը սովորողներին հնարավորություն տվեց ոչ միայն արտահայտելու սեփական մտքերը, այլև զարգացնելու հաղորդակցման, թիմային աշխատանքի, քննադատական մտածողության և ստեղծագործական ինքնարտահայտման հմտությունները։

Դասը ևս մեկ անգամ ապացուցեց, որ համերաշխությունը պարզապես գեղեցիկ բառ չէ․ այն սկսվում է մեր վերաբերմունքից, դիմացինին լսելու կարողությունից և միմյանց կողքին լինելու պատրաստակամությունից։

      

      

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 24 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar