|
Հոկտեմբերի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Բ» դասարանում անցկացվեց ստեղծագործական ու ուսուցողական բաց դաս՝ նվիրված Իվան Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակին։ Դասը սկսվեց առակի դիտումով, սակայն սովորողների երևակայության, դերային խաղի և բեմադրության շնորհիվ վերածվեց մի յուրօրինակ պատմության, որտեղ տարիներ շարունակվող անհամաձայնությունը վերջապես լուծում գտավ։ Փոքրիկ դերասանները բեմադրության միջոցով ցույց տվեցին, որ փոխըմբռնումը, միմյանց լսելու կարողությունն ու միասնական գործելու պատրաստակամությունը կարող են հաղթահարել նույնիսկ ամենաբարդ խնդիրները։ Բաց դասի ամենատպավորիչ կողմերից մեկը բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունն էր։ Յուրաքանչյուրը հանդես եկավ իր առածով՝ ներկայացնելով միասնականության, համերաշխության և փոխօգնության մասին խորիմաստ մտքեր։ Սովորողների խոսքերը դարձան փոքրիկ պատգամներ, որոնք միասին ամբողջացրին դասի գլխավոր գաղափարը՝ միասնականության մեջ է մեր ուժը, իսկ փոխըմբռնման մեջ՝ մեր հաղթանակը։ Դասի ջերմ մթնոլորտն ամբողջացրին սովորողների պատրաստած գեղեցիկ բացիկները՝ անկեղծ մաղթանքներով։ Երեխաները սիրով նվիրեցին դրանք ներկաներին՝ իրենց փոքրիկ, բայց սրտաբուխ ժեստով փոխանցելով բարություն, ջերմություն և դրական հույզեր։ Այս բաց դասը պարզապես գրական ստեղծագործության ուսումնասիրություն չէր։ Այն դարձավ կյանքի կարևոր դաս՝ սովորեցնելով, որ յուրաքանչյուրի կարծիքը լսելի է, յուրաքանչյուրի ներդրումը՝ արժեքավոր, իսկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելը հաջողության հասնելու կարևոր պայման է։
| |
|
| |
| Դիտումներ: 8 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




