«Գիրքն իմ բարեկամն է»․ ընթերցանությանը նվիրված դաս-միջոցառում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում

Նոյեմբերի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Բ» դասարանում «Ընթերցանության տարի» նախագծի շրջանակում անցկացվեց «Գիրքն իմ բարեկամն է» խորագրով դաս-միջոցառում։ Այն կազմակերպել էր դասվար Վարդ Գրիգորյանը։

Միջոցառման ընթացքում սովորողները ներկայացրին իրենց ընտրած հեքիաթները, ընթերցեցին հատվածներ, պատմեցին ստեղծագործությունների բովանդակությունը և ամփոփեցին ընթերցածը՝ պատասխանելով հարցերին։ Նրանք հանդես եկան նաև թեմատիկ առածներով ու ասացվածքներով, ներկայացրին իրենց պատրաստած նկարազարդ պաստառները՝ բացահայտելով հեքիաթների հերոսներին, հիմնական գաղափարներն ու սովորած դասերը։

Միջոցառման ավարտին փոքրիկ ընթերցասերները բեմադրեցին «Մկների ժողովը» հեքիաթը՝ ընթերցած ստեղծագործությունը վերածելով բեմական հետաքրքիր ներկայացման։

Դաս-միջոցառումը հնարավորություն տվեց սովորողներին դրսևորելու ընթերցանության, բանավոր խոսքի, ստեղծագործական մտածողության և թիմային աշխատանքի հմտությունները։ Այն նաև մեկ անգամ ևս ընդգծեց գրքի կարևորությունը երեխայի աշխարհայացքի ձևավորման, բառապաշարի հարստացման և ճանաչողական հետաքրքրությունների զարգացման գործում։

Գիրքը ոչ միայն գիտելիքի աղբյուր է, այլև հավատարիմ բարեկամ, որը փոքրիկ ընթերցողին տանում է երևակայության, բացահայտումների ու նորանոր պատմությունների աշխարհ։

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 39 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar