|
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ «Գ» դասարանում անցկացվեց բաց դաս, որը վարեցին «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանն ու դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։ Բաց դասի ընթացքում սովորողներն անդրադարձան մեդիագրագետ հասարակության ձևավորման կարևորությանը, քննարկեցին մեդիագրագիտության հիմնական հասկացությունները, տեղեկատվության քննադատական ընկալման, հավաստի աղբյուրների տարբերակման և թվային միջավայրում անվտանգ վարքագծի սկզբունքները։ Դասի գործնական հատվածում Օլյա Ղուլյանը սովորողների համար նախապես պատրաստել էր հատուկ կայքէջ՝ մեդիագրագիտության վերաբերյալ հարցերով։ Սովորողները պատասխանեցին առաջադրված հարցերին՝ ստուգելով և ամրապնդելով իրենց գիտելիքները։ Իր հերթին Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց ժամանակակից թվային միջավայրում տարածված կիբեռհանցագործությունների հիմնական տեսակները, դրանց դրսևորումները և դրանցից պաշտպանվելու եղանակները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց անձնական տվյալների պաշտպանությանը, առցանց խարդախություններին, կասկածելի հղումներին և համացանցում զգոն ու պատասխանատու վարքագծին։ Դասի առանձնահատուկ բաղադրիչներից էր սովորողների կողմից մեծահասակների համար նախատեսված տեղեկատվական կայքէջի ստեղծումը։ Օլյա Ղուլյանի համակարգմամբ սովորողները մշակեցին ծնողների և մեծահասակների համար նախատեսված պարզ ու գործնական ուղեցույց, որը կօգնի ավելի անվտանգ կողմնորոշվել թվային միջավայրում, ճանաչել առցանց վտանգները և պաշտպանել անձնական տվյալները։ Ուղեցույցը հրապարակվել է դպրոցի պաշտոնական կայքում։ Սովորողները նախատեսում են այն փոխանցել նաև իրենց ընտանիքի անդամներին՝ նպաստելով մեդիագրագիտության և թվային անվտանգության գիտելիքների տարածմանը ընտանիքներում։ Բաց դասը ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեդիագրագիտությունը միայն տեղեկատվություն ստանալու և օգտագործելու հմտություն չէ, այլև քննադատական մտածողություն, պատասխանատու թվային վարքագիծ և սեփական ու շրջապատի անվտանգությունը պաշտպանելու կարողություն։ Մեդիագրագետ սովորողը ոչ միայն կարողանում է անվտանգ օգտվել թվային աշխարհից, այլև գիտելիքը դարձնում է իր ընտանիքի և համայնքի անվտանգության միջոց։
| |
|
| |
| Դիտումներ: 47 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






