Մանկավարժների հետ հանդիպմամբ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվեց Մեդիագրագիտության շաբաթը

Նոյեմբերի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ամփոփվեց Մեդիագրագիտության շաբաթը։

Տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ամփոփիչ դասընթաց, որը ներառում էր երեք հիմնական բաղադրիչ՝ մեդիագրագիտություն, փաստերի ստուգում և անձնական տվյալների պաշտպանություն։

Քննարկումների ընթացքում ներկայացվեցին սոցիալական ցանցերում անվտանգ հաղորդակցության կարևորագույն կանոնները, կիբեռբուլինգի և կիբեռհանցագործությունների տարածված տեսակները, անձնական լուսանկարների, տեսանյութերի և տեղեկատվության պահպանման առանձնահատկությունները։ Ընդգծվեց նաև համացանցում սեփական և այլոց իրավունքների պահպանման մշակույթի անհրաժեշտությունը։

Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականության միջոցով կեղծ տվյալների՝ նկարների, ձայնային ֆայլերի և տեսանյութերի (այսպես կոչված «deepfake» բովանդակության) գեներացման խնդրին։ Նշվեց, որ նման տեխնոլոգիաները, չնայած իրենց լայն կիրառական հնարավորություններին, կարող են օգտագործվել նաև մանիպուլյացիայի և ապատեղեկատվության տարածման նպատակով։

Ընդգծվեց, որ «deepfake» բովանդակությունը լուրջ ռիսկեր է առաջացնում տեղեկատվական անվտանգության, հանրային վստահության և անհատների արժանապատվության ու հեղինակության պաշտպանության տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվեց մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, փաստերի ստուգման հմտությունների զարգացումը, ինչպես նաև իրավական և կարգավորող մեխանիզմների կատարելագործումը՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու և անվտանգ թվային միջավայր ձևավորելու նպատակով։

Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց իրական օրինակներ և կոնկրետ դեպքեր, որոնք հատկապես ընդգծում էին թվային միջավայրում առկա վտանգները և դրանցից խուսափելու արդյունավետ մեխանիզմները։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումներով․ մանկավարժները ներկայացրին հետաքրքրող հարցեր, հանդես եկան առաջարկներով և կիսվեցին սեփական փորձառությամբ՝ ձևավորելով փոխադարձ ուսուցման և համագործակցության արդյունավետ միջավայր։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.11.2025)
Դիտումներ: 296 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar