Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ափոփվել է «Հոգեկան առողջությունը, հոգեսոցիալական բարեկեցությունը Հայաստանի դպրոցներում» ծրագիրը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում 2025 թվականի մարտ ամսից իրականացվում էր «Հոգեկան առողջությունը, հոգեսոցիալական բարեկեցությունը Հայաստանի դպրոցներում» ծրագիրը, որը նախաձեռնել է Դասավանդիր հանուն Հայաստանի կրթական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։

Փետրվարի 27-ին դպրոցում կայացավ ծրագրի ամփոփիչ հանդիպումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառման ընթացքում մենթորներ Նելլի Խուշունցը և Արտավազդ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեցին դպրոցի ղեկավարությանը և անձնակազմին՝ գրեթե մեկ տարի տևած արդյունավետ համագործակցության համար։ Նրանք ընդգծեցին, որ դպրոցում աշխատանքներն իրականացվում են բարձր մասնագիտական մակարդակով, իսկ ուսումնական գործընթացը կազմակերպված է համակարգված և պատասխանատու կերպով։

Ծրագրի շրջանակում դպրոցում իրականացվել են հանդիպումներ, քննարկումներ և մասնագիտական աջակցություն՝ միտված ուսուցիչների կարողությունների զարգացմանը, հոգեկան առողջության թեմաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և դպրոցում հոգեսոցիալական բարենպաստ միջավայրի ձևավորմանը։

Տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց մենթորներին՝ կատարած հետևողական աշխատանքի համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը կրթական գործընթացի որակի բարձրացման և անվտանգ ու աջակցող դպրոցական միջավայրի ձևավորման գործում։ Նա նաև երախտագիտություն հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամին՝ դպրոցը ծրագրում ընդգրկելու և արդյունավետ համագործակցության համար։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների հոգեկան առողջության պահպանմանն ու հոգեսոցիալական բարեկեցության բարելավմանը՝ դպրոցական միջավայրում ստեղծելով աջակցող, անվտանգ և ներառական կրթական մթնոլորտ։

Ծրագրի շրջանակում մենթորները «Մայրենի», «Մաթեմատիկա» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչներին ներկայացնում են ժամանակակից մեթոդներ ու գործնական վարժանքներ, որոնք ինտեգրվում են դասապրոցեսի ընթացքում։ Այս մոտեցումները նպաստում են աշակերտների ինքնարտահայտմանը, հուզական կայունության ձևավորմանը և փոխհարաբերությունների բարելավմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ստեղծագործական մտածողության զարգացմանը և ստեղծագործական առաջադրանքների կիրառմանը։

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.02.2026)
Դիտումներ: 168 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar