Փորձնական ինտեգրված էսսեագրություն Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում

Մարտի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում կազմակերպվեց «Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից ինտեգրված էսսե գրելու փորձնական քննություն։ Այն անցկացվեց դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ կրթական գործընթացում նոր մեթոդական մոտեցումների կիրառման նպատակով։

Փորձնական քննության հիմնական նպատակը սովորողների կարողությունների զարգացումն էր՝ տարբեր առարկաներից ստացած գիտելիքները համադրելու, թեմաները համակողմանիորեն դիտարկելու և ամբողջական ու կառուցվածքային միտք ձևակերպելու ուղղությամբ։

Քննությունը նաև միտված էր խթանելու սովորողների.

  • քննադատական և վերլուծական մտածողությունը,
  • ստեղծագործական մոտեցումը,
  • թեմայի ընկալման և խնդիրների ձևակերպման կարողությունները
  • հիմնավորված դիրքորոշում արտահայտելու հմտությունները։

Միաժամանակ այն կարևոր քայլ էր ամփոփիչ և ավարտական քննություններին նպատակային նախապատրաստվելու գործընթացում։

Քննությունից առաջ սովորողներին կրկին ներկայացվեց էսսեի կառուցվածքը և ինտեգրված էսսե գրելու փուլային քայլերը։ Սա հնարավորություն տվեց սովորողներին գործնականում կիրառել իրենց գիտելիքները, հստակ ձևակերպել մտքերը և հիմնավորել ներկայացվող գաղափարները։

Փորձնական աշխատանքը դարձավ նաև ինքնարտահայտման կարևոր հարթակ․ սովորողները շարադրեցին իրենց գաղափարներն ու զգացողությունները՝ ձևակերպելով սեփական տեսակետն ու վերաբերմունքը քննարկվող թեմաների վերաբերյալ։

Դպրոցում նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական և հետևողական, քանի որ նպատակ ունեն զարգացնելու սովորողների գրավոր խոսքը, վերլուծական մտածողությունը և ինքնուրույն դատողություններ ձևակերպելու կարողությունը։

    

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 77 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar