|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում․ երեխայի զարգացման ամբողջական մոտեցում դիմակայության և ակադեմիական հաջողության համար» ծրագիրը։ Նախաձեռնությունն իրականացվում է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կազմակերպության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մարտի 16-ին դպրոցում կայացավ ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը, որին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և դասվարները։ Հանդիպման ընթացքում ծրագրի մենթոր Աստղիկ Բալայանը ներկայացրեց արդեն իրականացված աշխատանքների ընթացքը, գրանցված արդյունքներն ու առաջիկա քայլերը։ Քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացքում առաջացող հարցերը, ինչպես նաև մասնակիցները կիսվեցին իրենց մասնագիտական փորձով և դիտարկումներով։ «Դասավանդի՛ր Հայաստանի» ներկայացուցիչ Մարիամ Մարիկյանը բարձր գնահատեց ծրագրի իրականացումը դպրոցում՝ ընդգծելով, որ այն ընթանում է արդյունավետ, իսկ իրականացվող աշխատանքներն արդեն իսկ տալիս են տեսանելի արդյունքներ։ Իր հերթին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց «Դասավանդի՛ր Հայաստանին»՝ ցուցաբերած աջակցության և իրականացվող աշխատանքի արդյունավետության համար՝ կարևորելով ծրագրի դերը սովորողների կրթական առաջընթացի և բարեկեցիկ դպրոցական միջավայրի ձևավորման գործում։ Աստղիկ Բալայանն ու Մարիամ Մարիկյանը շնորհակալություն հայտնեցին դպրոցի ղեկավարությանը և ուսուցիչներին՝ ակտիվ ներգրավվածության, համագործակցային մթնոլորտ ձևավորելու և ծրագրի արդյունավետ իրականացման համար։ Ծրագրի նպատակն է աջակցել սովորողների համակողմանի զարգացմանը՝ համադրելով ուսումնական առաջընթացը, հոգեբանական աջակցությունը և դպրոցական բարեկեցիկ միջավայրի ձևավորումը։
| |
|
| |
| Դիտումներ: 67 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




