Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը նպաստում է պատմամշակութային արժեքների պահպանությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող պատմության և մշակույթի հուշարձանների մաքրման և պահպանության համապետական ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է իր ակտիվ ու նպատակային մասնակցությունը՝ կարևոր ներդրում ունենալով պատմամշակութային արժեքների պահպանման և հասարակական պատասխանատվության ձևավորման գործում։

Դպրոցում նախապես մշակված ժամանակացույցի համաձայն՝ ծրագրին հերթականությամբ ներգրավվում են տարբեր դասարանների սովորողները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել աշխատանքների համակարգված, հետևողական և շարունակական իրականացում։

Մարտի 20-ին նախաձեռնությանը մասնակցել են 8-րդ «Գ» դասարանի աշակերտները։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ ներկայացուցիչ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ նրանք այցելել են հուշարձան, որտեղ իրականացրել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ՝ ցուցաբերելով պատասխանատու և հոգատար վերաբերմունք ազգային արժեքների նկատմամբ։

Նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն սովորողների հայրենասիրական դաստիարակության, պատմական հիշողության պահպանման և ազգային ինքնության ամրապնդման տեսանկյունից։ Դրանք ոչ միայն ձևավորում են շրջապատի նկատմամբ հոգատար վերաբերմունք, այլև խթանում են համայնքային կյանքի հանդեպ ակտիվ մասնակցությունն ու քաղաքացիական պատասխանատվության գիտակցումը։

Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցականների ակտիվ ներգրավման միջոցով ձևավորել պատմամշակութային ժառանգության նկատմամբ գիտակցված, հարգալից և խնամքով վերաբերմունք՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Գորիս քաղաքում։

    

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 22 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar