Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը միացել է «Իմ կյանքը համայնքում» ծրագրին

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն առաջին անգամ միացել է «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի 9-րդ փուլին՝ կարևորելով միջմարզային կապերի ամրապնդումն ու կրթական փորձի փոխանակումը։ Ծրագրի շրջանակում դպրոցը հյուրընկալել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի սովորողներ Մանե Զաքարյանին և Լուսինե Միրզոյանին։

Ծրագրի մեկնարկի օրը՝ ապրիլի 20-ին, հյուրերին ընդունել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Նա նրանց ծանոթացրել է 9-րդ «Գ» դասարանի սովորողների և դասղեկ Անուշ Սարգիսջանյանի հետ։ Հյուր աշակերտները մեկ շաբաթ շարունակ ներգրավվել են ուսումնական գործընթացում՝ մասնակցելով դասերին, քննարկումներին և խմբային աշխատանքներին։ Առաջին իսկ օրից ձևավորված ջերմ և բարեհամբույր մթնոլորտը նպաստել է նրանց արագ ինտեգրմանը, նոր ընկերությունների ձևավորմանն ու արդյունավետ համագործակցությանը։

Ծրագիրը ներառում է ոչ միայն դասապրոցես, այլև հարուստ մշակութային և ճանաչողական բաղադրիչ։ Այցի երկրորդ օրը սովորողներն այցելել են Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն, որտեղ դիտել են «Անխելք մարդը» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի հիման վրա։ Ներկայացումը, որը ներկայացվել է Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի կողմից, մեծ հետաքրքրություն և տպավորություն է թողել մասնակիցների վրա՝ փոխանցելով ինչպես գեղարվեստական, այնպես էլ դաստիարակչական արժեքներ։

Սովորողները ծանոթացել են նաև դպրոցի տարածքում տեղադրված ԹՈՒՄՈ տուփի գործունեությանը՝ տեղեկանալով ծրագրի հնարավորություններին, ստեղծագործական և տեխնոլոգիական կրթության առանձնահատկություններին։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել են նաև ճանաչողական այցեր։ Մանե Զաքարյանը և Լուսինե Միրզոյանը, տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և դասղեկ Անուշ Սարգիսջանյանի ուղեկցությամբ, 9-րդ «Գ» դասարանի սովորողների հետ այցելել են Հին Գորիս բնակատեղի և Սուրբ Հռիփսիմե եկեղեցի՝ բացահայտելով համայնքի պատմամշակութային արժեքները։

Հյուր սովորողների առօրյան կազմակերպվել է հյուրընկալ ընտանիքում․ նրանց իր տանն ընդունել է ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը՝ ապահովելով հարմարավետ պայմաններ և աջակցելով համայնքային կյանքին լիարժեք ինտեգրմանը։

Նշենք, որ «Իմ կյանքը համայնքում» ծրագիրն իրականացվում է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ապրիլի վերջին տասնօրյակում։ Ծրագրի նպատակն է խթանել համայնքների միջև կապերը, զարգացնել սովորողների սոցիալական հմտությունները և ստեղծել միջմարզային փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։

Ծրագրին մասնակցող 14–16 տարեկան դպրոցականները մեկ շաբաթ բնակվում են հյուրընկալ ընտանիքներում, հաճախում տվյալ համայնքի դպրոց և ակտիվորեն ներգրավվում կրթական ու արտադասարանային բազմաբնույթ նախաձեռնություններում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, փորձառություն և անմոռանալի հիշողություններ։

    

    

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.04.2026)
Դիտումներ: 121 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar