Ուսուցչական աշխատաժողովին մասնակցեցին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներ Հերմինե Ալավերդյանն ու Ռուզաննա Խաչատրյանը

Երևանի և ՀՀ մարզերի 47 մենթոր դպրոցներում անցկացվել է այս տարվա ուսուցչական համաժողովի մարզային փուլը՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով։

Համաժողովի նպատակն է ստեղծել համագործակցային հարթակ ուսուցիչների, կրթության կազմակերպիչների, ոլորտի մասնագետների և նորարարությամբ զբաղվող փորձագետների համար՝ կրթության մեջ տեխնոլոգիական նորարարությունների կիրառման լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Ուսուցչական համաժողովում քննարկվել են կրթական գործընթացում թվային գործիքների, արհեստական բանականության, առցանց հարթակների և այլ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ ուսուցման որակի բարձրացման և սովորողների ներգրավվածության խթանման նպատակով։ Ներկայացվել են դպրոցներում կիրառվող նորարարական կրթական մեթոդներ և տեխնոլոգիական լուծումներ՝ նպաստելով ուսուցման գործընթացի արդիականացմանը և ստեղծագործական մոտեցումների տարածմանը։

Համաժողովի շրջանակում քննարկվող թեմաների հիմնական ուղղություններն են․

  • «Ավագ դպրոցներում արհեստական բանականության ուսուցման ծրագրեր»
  • «Դպրոցահասակ երեխաների արտադպրոցական տեխնոլոգիական կրթություն»
  • «ԱԲ կիրառումը դասավանդելու և սովորելու գործընթացում»
  • «Տեխնոլոգիաների կիրառման ռիսկեր, էթիկական խնդիրներ»
  • «Կիբերանվտանգություն և թվային գրագիտություն»

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Աշխարհագրություն» առարկայի ուսուցչուհի Հերմինե Ալավերդյանը ներկայացրել է «ԱԲ գործիքների կիրառումը աշխարհագրության դասաժամերին» զեկույցը: «Հայաստանի պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը ներկայացրել է «ԱԲ-ն՝ ուսուցչի ստեղծագործական գործընկեր» զեկույցը:

Ուսուցչական համաժողովի մարզային փուլին ներկայացվել և քննարկվել են 1000 և ավելի զեկույցներ՝ ուսուցիչների և կրթության ոլորտի պատասխանատուների կողմից։

Նշենք, որ աշխատաժողովի մարզային փուլին կհաջորդի հանրապետական փուլը, որը նախատեսվում է անցկացնել մայիս ամսին:

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.04.2026)
Դիտումներ: 85 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar