Մանկավարժական խորհրդի հերթական նիստ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Ապրիլի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ մանկավարժական խորհրդի հերթական նիստը, որը վարեց տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։

Նիստի ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ ամփոփվեց 2025–2026 ուսումնական տարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի (ՈՒԴԱՏՊ) մարտ–ապրիլ ամիսների իրականացված աշխատանքների ընթացքը, անդրադարձ կատարվեց անհատական ուսումնական պլանների (ԱՈՒՊ) և դիտարկման թերթիկների վարման գործընթացին։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց 1–9-րդ դասարաններում ՀՊՉ ներդրման ընթացքի վերահսկողությանը, ինչպես նաև ամփոփվեցին մի շարք ուսուցիչների մասնագիտական գործունեության նկատմամբ վերահսկողության աշխատանքները, որոնք առաջիկայում նախատեսում են դիմել ուսուցչի տարակարգի։

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը՝ ներկայացնելով «Արհեստական բանականությունը կրթության մեջ․ ուսուցչին չփոխարինող, այլ նրա դերը վերափոխող գործիք» թեմայով զեկույցը։ Զեկույցում ընդգծվեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը, կարող են դառնալ արդյունավետ աջակցող գործիք՝ նպաստելով ուսուցման գործընթացի արդիականացմանը և ստեղծագործական մոտեցումների զարգացմանը։

Նիստի ընթացքում ընտրվեց նաև մանկավարժական խորհրդի նոր քարտուղար․ «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը։

Մանկավարժական խորհրդի նիստն անցավ կառուցողական մթնոլորտում՝ միտված կրթական գործընթացի շարունակական բարելավմանը։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.04.2026)
Դիտումներ: 200 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar