ՀՏԶՀ տնօրեն Սարգիս Բաղինյանը շրջայց է կատարել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանն այցելել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, որտեղ շարունակվում են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։ Այցի շրջանակում նա շրջել է վերանորոգվող հատվածներում, ծանոթացել շինարարական գործընթացի ընթացքին և տեղում քննարկել առաջացած խնդիրներն ու առաջնահերթությունները։

Շինարարների և պատասխանատու մասնագետների հետ հանդիպման ընթացքում Սարգիս Բաղինյանը կարևորել է աշխատանքների որակյալ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ ժամկետների խախտումներից խուսափելու համար անհրաժեշտության դեպքում պետք է ավելացվի աշխատուժը։ Նա նաև շեշտել է, որ շինարարական գործընթացում առաջացող խնդիրների դեպքում պետք է անմիջապես կապ հաստատել ծրագրերի պատասխանատու ճարտարագետների հետ՝ արագ և արդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։

Դպրոցում իրականացված շրջայցի ընթացքում դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը ներկայացրել է հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ մի շարք առաջարկություններ, անդրադարձել կրթական միջավայրի բարելավման կարևորությանը և շնորհակալություն հայտնել կատարվող հետևողական աշխատանքի համար։

Այցի ընթացքում Սարգիս Բաղինյանը հանդիպել է նաև շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ աշխատանքների կազմակերպման, տեխնիկական հարցերի և առաջիկա փուլերի հետ կապված խնդիրները։ Մի շարք հարցերի լուծումներ տրվել են անմիջապես տեղում, ինչը հնարավորություն է տվել առավել արդյունավետ կազմակերպել շինարարական գործընթացը։

Հիմնանորոգումից հետո արդիականացված կրթական միջավայրին սպասում է շուրջ 700 աշակերտ, որոնք շուտով ուսումը կշարունակեն առավել հարմարավետ, անվտանգ և ժամանակակից պայմաններում։

Հիշեցնենք, որ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ներառված է ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագրում, որի շրջանակում նախատեսված է կրթօջախի ամբողջական կապիտալ վերանորոգում և գույքով հարստացում:

    

    

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.05.2026)
Դիտումներ: 244 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar