Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել Սերգեյ Ավանեսյանը

Սյունիքի մարզպետին փոխարինող Նարե Ղազարյանի՝ 2026 թվականի մայիսի 27-ի որոշմամբ Սերգեյ Ավանեսյանը նշանակվել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն։ Մինչ այդ նա շուրջ 1 տարի 9 ամիս իրականացրել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները։

Սերգեյ Ավանեսյանը կրթության ոլորտում ունի երկարամյա փորձ և մասնագիտական բազմակողմանի գործունեություն։ Նա ծնվել է 1987 թվականի հունվարի 14-ին, ավարտել Գորիսի թիվ 5 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ ստանալով ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի մանկավարժի որակավորում։ Հետագայում ավարտել է նաև Գորիսի պետական համալսարանի «Կրթության կառավարում» բաժնի մագիստրատուրան։

Նրա աշխատանքային գործունեությունը սերտորեն կապված է կրթության և կառավարման ոլորտների հետ։ 2009 թվականից աշխատել է Գորիսի պետական քոլեջում որպես ՏՏ առարկաների դասախոս, զբաղեցրել ղեկավար պաշտոններ, եղել ուսումնական գծով տնօրենի տեղակալ, ինչպես նաև համագործակցել կրթության որակի ապահովման ոլորտում։ 2021 թվականից աշխատում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ նախ որպես ուսումնական գծով տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրենի պաշտոնակատար։

Սերգեյ Ավանեսյանը մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների, կրթական ծրագրերի և մասնագիտական համաժողովների, հեղինակել գիտական հոդվածներ կրթության կառավարման և կրթական միջավայրի թեմաներով։ Նա նաև 2014 թվականին հիմնադրել է «Goris Today Media Group» լրատվական-վերլուծական ակումբը։

Դպրոցական համայնքում Սերգեյ Ավանեսյանը հայտնի է որպես նորարարական մոտեցումներ կիրառող, կրթության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններով ակտիվ ղեկավար։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (23.05.2026)
Դիտումներ: 242 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar