|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել են տարրական կրթության, օտար լեզուների, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության, հումանիտար առարկաների, ինչպես նաև բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների հերթական նիստերը, որոնց ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանն ու կրթության որակի բարձրացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։ Նիստերին մասնակցել է դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով իր խոսքում կարևորել է մեթոդական աշխատանքի շարունակական զարգացումն ու համակարգված իրականացումը՝ ընդգծելով, որ ուսուցման որակի բարելավման հիմքում գտնվում են մասնագիտական համագործակցությունը, փորձի փոխանակումը և կրթական նորարարությունների արդյունավետ կիրառումը։ Մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը և Անուշ Դաջունցը ներկայացրել են նոր Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ընթացիկ վերահսկողության արդյունքները 1–9-րդ դասարաններում։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել դասավանդման գործընթացում արձանագրված դրական փորձին, սովորողների առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև այն խնդիրներին, որոնք պահանջում են լրացուցիչ ուշադրություն և նպատակային աշխատանք։ Նիստերի շրջանակում քննարկվել են նաև էլեկտրոնային մատենավարության պատշաճ կազմակերպման, ուսումնական փաստաթղթերի վարման, ինչպես նաև փոխադարձ դասալսումների արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր։ Կարևորվել է ուսուցիչների միջև մասնագիտական երկխոսության, համագործակցության և լավագույն փորձի տարածման նշանակությունը՝ որպես կրթության որակի բարելավման կարևոր գործոն։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքներին, քննությունների կազմակերպման ընթացակարգերին, ինչպես նաև տնօրենության կողմից տրվող գրավոր աշխատանքների անցկացման և արդյունքների վերլուծության գործընթացին։ Մասնակիցները քննարկել են նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումների և գործողությունների կատարման ընթացքը։ Նշվել է, որ նախատեսված աշխատանքների գերակշիռ մասն իրականացվել է սահմանված ժամկետներում՝ ապահովելով ակնկալվող արդյունքները և նպաստելով կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։ Կայացած նիստերը ևս մեկ անգամ ընդգծեցին մեթոդմիավորումների կարևոր դերակատարությունը դպրոցի կրթական գործունեության համակարգման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և սովորողների կրթական ձեռքբերումների շարունակական բարելավման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 216 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |







