Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանը և Գայանե Գրիգորյանը մասնակցել են միջազգային վերապատրաստման դասըն

Մայիսի 25-29-ը Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը հյուրընկալել է Ֆրանսիայի Լիլի համալսարանի կիրառական օտար լեզուների (LEA) բաժնի դասախոս, հաշմանդամության քաղաքականության գծով փոխնախագահ և FOS ծրագրի համաղեկավար Մալիք Հաբիին։

Այցի շրջանակում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ՝ նախատեսված ֆրանսերենը որպես օտար լեզու (FLE) դասավանդողների և ուսանողների համար։ Դասընթացին մասնակցել է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհիներ Լուսինե Բաղդասարյանն ու Գայանե Գրիգորյանը։

Այցը կազմակերպվել է Erasmus+ ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցության արդյունքում և նպատակ ուներ խթանել ժամանակակից կրթական մեթոդների կիրառումն ու մասնագիտական փորձի փոխանակումը։

Վերապատրաստումների ընթացքում Մալիք Հաբին ներկայացրել է գրավոր և բանավոր խոսքի, ինչպես նաև ֆրանսերենի քերականության ուսուցման նորարարական մոտեցումներ։ Առանձին ուշադրություն է դարձվել ֆրանսիական կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի հիման վրա մշակված մանկավարժական գործիքներին, որոնք նպաստում են սովորողների լեզվական հմտությունների զարգացմանը։ Դասընթացների շրջանակում մասնակիցները նաև ծանոթացել են ֆրանսիական կինոյի պատմությանը, առանձնահատկություններին և դրա քաղաքական, մշակութային ու տնտեսական ազդեցություններին։

Այցի ավարտին քննարկվել են Գորիսի պետական համալսարանի և Լիլի համալսարանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, նախանշվել են համատեղ նոր ծրագրերի և ակադեմիական նախաձեռնությունների իրականացման հնարավոր ուղղություններ։

Նման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն օտար լեզուների ուսուցիչների մասնագիտական զարգացման, միջազգային փորձի փոխանակման և կրթության որակի շարունակական բարելավման տեսանկյունից։

    

   

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 18 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar