|
Հունիսի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, դպրոցի և Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համագործակցությամբ, կազմակերպվել է «Հույզերի կառավարում և մասնագիտական կայունություն մանկավարժի աշխատանքում» թեմայով հանդիպում-քննարկում՝ նախատեսված դպրոցի աշխատակազմի համար։ Հանդիպումը վարել են դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը և ԳՏՄԱԿ-ի հոգեբան Լուսինե Աղաջանյանը, ովքեր անդրադարձել են մանկավարժական գործունեության ընթացքում հուզական հավասարակշռության պահպանման, արդյունավետ հաղորդակցման և մասնագիտական կայունության ապահովման կարևորությանը։ Քննարկման ընթացքում մասնակիցները խոսել են ակտիվ լսելու, խոսքի ճիշտ ձևակերպման, լռության դերի, դիմացինի նկատմամբ հարգալից վերաբերմունքի և աշխատավայրում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման մասին։ Նշվել է, որ նման հմտությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մասնագիտական արդյունավետության բարձրացման, այլև գործընկերային առողջ հարաբերությունների պահպանման համար։ Հանդիպման գործնական հատվածում իրականացվել են տարբեր վարժություններ և ինտերակտիվ աշխատանքներ, որոնք ուղղված էին աշխատակազմի ներսում համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ հոգեբանական միջավայրի ձևավորմանը և հուզական լարվածության հաղթահարմանը։ Մասնակիցներին ներկայացվել և կիրառվել են նաև հատուկ հոգեբանական տեխնիկաներ, որոնք կարող են օգտակար լինել առօրյա մասնագիտական գործունեության ընթացքում։ Նման նախաձեռնությունները նպաստում են կրթական հաստատություններում առողջ և աջակցող միջավայրի ձևավորմանը՝ ամրապնդելով մանկավարժների մասնագիտական դիմակայունությունն ու թիմային համագործակցությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 21 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






