«ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ»-ում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները գրավեցին պատվավոր 2-րդ տեղը

Հունիսի 16-ին Երևանում կայացել է 2026 թվականի «ՀՀ վարչապետի ֆուտզալի դպրոցական գավաթ» մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հաղթող դպրոցական թիմերը։

Սյունիքի մարզը մրցաշարում ներկայացրել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, որը հաջող ելույթների և վստահ հաղթանակների շնորհիվ հասել է եզրափակիչ։ Վճռորոշ խաղում բախշյանականները մրցել են Երևանի Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի թիմի հետ։

Եզրափակիչ հանդիպումն անցել է լարված և դիտարժան պայքարում։ Երկու թիմերն էլ ցուցադրել են կազմակերպված խաղ, բարձր մարզական պատրաստվածություն և հաղթելու մեծ ցանկություն՝ մինչև վերջին րոպեն պայքարելով մրցաշարի գլխավոր մրցանակի համար։

Թեպետ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմին այս անգամ չհաջողվեց նվաճել չեմպիոնի տիտղոսը, այն պատվով ներկայացրեց ինչպես դպրոցը, այնպես էլ Սյունիքի մարզը՝ զբաղեցնելով հանրապետական մրցաշարի պատվավոր երկրորդ հորիզոնականը։

Մրցաշարի ընթացքում առանձնացել է նաև թիմի դարպասապահ Գոռ Միրզոյանը, որը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է մինչև 15 տարեկանների մրցաշարի լավագույն դարպասապահ։ Այս բարձր գնահատականը վկայում է նրա աշխատասիրության, հետևողական մարզումների և մասնագիտական աճի մասին։

Մրցաշարի ավարտին թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով, իսկ դպրոցը՝ գավաթով։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմի հաջողությունը դարձել է աշակերտների նպատակասլացության, մարզիչների և ուսուցիչների հետևողական աշխատանքի, ինչպես նաև թիմային ոգու լավագույն ապացույցներից մեկը։ Ձեռքբերումը կարևոր խթան կարող է հանդիսանալ նոր հաղթանակների և մարզական հաջողությունների ճանապարհին։

       

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 79 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar