Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Ողջույն դպրոց» ծրագիրը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ու Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Ողջույն դպրոց» ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է դպրոց ընդունվող ապագա առաջին դասարանցիների նախապատրաստմանը՝ նպաստելով նրանց սահուն անցմանը նախադպրոցական միջավայրից դպրոցական կյանք։ Նախաձեռնության շրջանակում երեխաների հետ իրականացվում են բազմաբնույթ զարգացնող աշխատանքներ, որոնք միտված են հաղորդակցական, ճանաչողական և ուսումնական հմտությունների ձևավորմանն ու ամրապնդմանը։

Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են դպրոցական առօրյային, սովորում համագործակցել հասակակիցների հետ, ձեռք են բերում ինքնուրույնության տարրական հմտություններ և աստիճանաբար հարմարվում դպրոցական միջավայրին։ Այս ամենը նպաստում է, որ նրանք ավելի վստահ ու պատրաստ դիմավորեն առաջին դասարանի կարևոր և հետաքրքիր ճանապարհորդությունը։

«Ողջույն դպրոց» ծրագրի շրջանակում երեխաների հետ աշխատում է դպրոցի դասվար Ռիտա Շալունցը, ով կազմակերպում է տարիքային առանձնահատկություններին համապատասխան կրթական և զարգացնող գործունեություն։

Առաջիկայում, նոր խմբի ձևավորման դեպքում, կմեկնարկի նաև «Ամառային դպրոց» ծրագիրը։ Այն ևս նպատակ ունի օգնել երեխաներին նախապատրաստվել դպրոցական կյանքին, զարգացնել անհրաժեշտ հմտությունները և ավելի հեշտ ինտեգրվել կրթական միջավայրին։

Նման ծրագրերը կարևոր դեր են խաղում երեխաների կրթական ուղու հաջող մեկնարկի ապահովման գործում՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ նրանց ուսումնառության առաջին քայլերի համար։

      

      

      

      

      

      

      

      

      

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (18.06.2026)
Դիտումներ: 91 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar