Գորիսում իրականացվեց ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման երկրորդ փուլը

ՀՀ-ում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ու մասնագիտական շարունակական կրթության զարգացմանն ուղղված «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում շարունակվում է ֆրանսերենի ուսուցիչների ազգային վերապատրաստման հատուկ ծրագիրը։

Ծրագրի առաջին փուլը՝ առկա և առցանց ձևաչափերով, իրականացվել է 2025 թվականի հունիս, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2026 թվականի փետրվարին՝ համախմբելով հանրապետության տարբեր դպրոցների ֆրանսերենի ուսուցիչներին։

Հունիսի 22-26-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների 2026 թվականի առկա վերապատրաստման երկրորդ փուլը։

Վերապատրաստումն իրականացրել են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը և Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Մերի Մալինցյանը, որոնք ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստողների կարգավիճակ ունեն։

Վերապատրաստմանը մասնակցել են Գորիսի, Կապանի, Սիսիանի և Քաջարանի հանրակրթական դպրոցների «Ֆրանսերեն» առարկայի ուսուցիչները։ Մասնակիցների թվում է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը։

Ծրագիրը միտված է ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, դասավանդման ժամանակակից մեթոդների ներդրմանը և օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացմանը՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանը Հայաստանում։

    

    

    

    

    

    

    

    

    

    

   

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.06.2026)
Դիտումներ: 126 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar