|
Հունիսի 26-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության խմբի 2025–2026 ուսումնական տարվա ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները։ Հանդիպման ընթացքում դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց խմբի գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ ուսումնական տարվա ընթացքում մշակվել և հաստատվել է խմբի աշխատակարգը, ինչը նպաստել է գործունեության առավել համակարգված և արդյունավետ կազմակերպմանը։ Անդրադառնալով ոլորտում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին՝ տնօրենը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման նոր չափանիշները։ Նա նշեց, որ համաձայն նոր կարգավորման՝ Երեխաների պաշտպանության խումբը վերանվանվել է Սովորողների պաշտպանության թիմ, սակայն թիմի հիմնական առաքելությունն ու գործառույթները պահպանվել են։ Միաժամանակ սահմանվել են թիմի գործունեության առավել հստակ չափանիշներ և պատասխանատվության շրջանակներ։ Նշվեց, որ Սովորողների պաշտպանության թիմի առաջնային նպատակն է ապահովել սովորողների իրավունքների պաշտպանությունը, հետևողականորեն վերահսկել նրանց պարտականությունների պատշաճ կատարումը, անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցել ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նպաստել սովորողների անձնական զարգացմանը, հոգեբանական բարեկեցությանը և սոցիալական հարմարվողականությանը։ Հանդիպման ավարտին մասնակիցներն ամփոփեցին 2025–2026 ուսումնական տարվա աշխատանքները, անդրադարձան առկա փորձին և նախանշեցին առաջիկա ուսումնական տարվա գործունեության հիմնական ուղղությունները՝ կարևորելով դպրոցում անվտանգ, ներառական և աջակցող կրթական միջավայրի շարունակական ապահովումը։
| |
|
| |
| Դիտումներ: 91 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




