Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացել են մեթոդմիավորումների ամփոփիչ նիստերը

Հունիսի 19–26-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեցին տարրական կրթության, օտար լեզուների, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության, ինչպես նաև հումանիտար և բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորումների հերթական ամփոփիչ նիստերը։

Նիստերին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և ներառական կրթության բաժնի պատասխանատու Արփինե Ծատրյանը։

Մեթոդմիավորումների նախագահներ Ռիտա Շալունցը, Մարգարիտա Պետրոսյանը, Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը և Անուշ Դաջունցը ներկայացրին 2025–2026 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունները՝ ամփոփելով իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները։ Նիստերի ընթացքում մեթոդմիավորումների անդամները նույնպես հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով իրենց առարկայական ոլորտներում կատարված աշխատանքների արդյունքները։

Քննարկման առանցքում էին նաև անհատական ուսուցման պլանների (ԱՈՒՊ) և դիտարկման թերթիկների լրացման ամփոփումը, 2026–2027 ուսումնական տարվա նախնական դասաբաշխման հարցերը, կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերում կատարված փոփոխությունները, ինչպես նաև դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները, մեթոդմիավորումների անունների փոփոխությունները։

Անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանի կատարմանը։ Նշվեց, որ նախատեսված միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, արդյունավետ և ամբողջական՝ ապահովելով ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպումը։ Միաժամանակ ներկայացվեցին և քննարկվեցին 2025–2026 ուսումնական տարվա հաշվետվությունները, ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները և նախանշվեցին հաջորդ ուսումնական տարվա առաջնահերթությունները։

Նիստերի ավարտին ընդգծվեց մեթոդմիավորումների դերը կրթության որակի շարունակական բարձրացման, մանկավարժների մասնագիտական զարգացման և դպրոցում համագործակցային արդյունավետ միջավայրի ձևավորման գործում։

    
    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Այսօր)
Դիտումներ: 72 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar