|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ակտիվ ընթացքի մեջ է «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրը, որը նախատեսված են 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների համար։ Ծրագրի գլխավոր նպատակն է երեխաների համար ապահովել սահուն և հաճելի անցում նախադպրոցական միջավայրից դպրոցական կյանք՝ ձևավորելով վստահություն, հետաքրքրություն և դրական վերաբերմունք դպրոցի նկատմամբ։ Ամառային հանդիպումների ընթացքում փոքրիկները մասնակցում են ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական և խաղային բազմազան գործունեությունների, որոնք նպաստում են նրանց հաղորդակցական, սոցիալական և ճանաչողական կարողությունների զարգացմանը։ Անցած շաբաթվա թեմատիկ հանդիպումներից մեկի շրջանակում երեխաները դպրոց էին բերել իրենց ամենասիրելի իրերը՝ խաղալիքներ, հետաքրքիր առարկաներ և նույնիսկ ընտանի կենդանիներ։ Այս նախաձեռնությունը փոքրիկներին հնարավորություն տվեց պատմել իրենց նախասիրությունների մասին, ներկայացնել իրենց սիրելի ընկերներին, շփվել միմյանց հետ և ավելի լավ ճանաչել դասընկերներին՝ ձևավորելով ջերմ ու վստահ մթնոլորտ։ Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթանում են դպրոցական առօրյային, դասասենյակային միջավայրին և ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, սովորում են աշխատել խմբերով, համագործակցել, լինել ինքնուրույն և պատասխանատու, ինչպես նաև ձեռք են բերում նոր գիտելիքներ և արժեքավոր փորձառություն։ Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովում են դպրոցի դասվարներ Ռիտա Շալունցը, Իրինա Ջավահիրյանը, Անահիտ Աղաբեկյանը և Տաթևիկ Փարսադանյանը, որոնք երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան կազմակերպում են հետաքրքիր, բովանդակալից և զարգացնող գործունեություններ։ Հիշեցնենք, որ «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 147 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |











