Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը և վարչատնտեսական մասի համակարգող Սոնա Թամրազովան մասնակցել են կրթական ոլորտի բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը

Հուլիսի 3-ին Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում կայացել է Սյունիքի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում նախատեսվող օրենսդրական, կառավարչական և կառուցվածքային բարեփոխումները։

Խորհրդակցությունը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Սյունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մարինե Աբգարյանը, ինչպես նաև մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարներն ու վարչատնտեսական մասի համակարգողները։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը և վարչատնտեսական մասի համակարգող Սոնա Թամրազովան։

Խորհրդակցության բացման խոսքով հանդես է եկել Մերի Գանդալյանը՝ ընդգծելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ և համակարգված իրականացման կարևորությունը։ Այնուհետև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու դրանց կիրառման հիմնական ուղղությունները։

Նշվել է, որ օրենքի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները կանցնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։ Բովանդակային կառավարման գործառույթները կիրականացնի նախարարությունը, իսկ վարչատնտեսական գործառույթների իրականացումը կվերապահվի մարզպետարաններին, ինչը նպատակ ունի բարձրացնելու կառավարման արդյունավետությունն ու պատասխանատվության հստակ բաշխումը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև տնօրենների ընտրության նոր կարգը, վարչատնտեսական մասի համակարգողների նշանակման ընթացակարգը, մարզային համակարգողների ինստիտուտի ներդրման առանձնահատկությունները, առաջին դասարանցիների և ավագ դպրոց ընդունվող սովորողների էլեկտրոնային հայտագրման գործընթացը, ինչպես նաև հանրակրթության պետական չափորոշչում նախատեսվող փոփոխությունները։

Օրակարգում ընդգրկված էին նաև 2026 թվականից նախատեսվող առարկայական փոփոխությունները, հանրակրթական հաստատությունների ֆինանսավորման և թվայնացման համակարգերի բարեփոխումները, աշխատանքային պայմանագրերի վերակնքման ընթացակարգերը, ինչպես նաև դպրոցների կանոնադրությունների և անվանափոխության հետ կապված իրավական կարգավորումները։

Խորհրդակցությունն անցկացվել է կառուցողական մթնոլորտում՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ստանալ սպառիչ պարզաբանումներ, ներկայացնել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Հանդիպման հիմնական նպատակն էր ապահովել հանրակրթական համակարգում սպասվող փոփոխությունների միասնական ընկալումը, ինչպես նաև նախապատրաստել կրթական հաստատությունները բարեփոխումների արդյունավետ և հետևողական իրականացմանը։

    

        
    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 190 | Վարկանիշ: 2.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar