|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Գ» դասարանի սովորողները շարունակում են աչքի ընկնել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև գիտելիքի, արվեստի և անձնական զարգացման տարբեր ոլորտներում՝ գրանցելով հերթական հաջողություններն ու արժանապատվորեն ներկայացնելով իրենց դպրոցը։ Դասարանի սովորող Լիլիթ Սահակյանը հաջողությամբ մասնակցել է առաջին բուժօգնության դասընթացին, որի ընթացքում յուրացրել է առաջին բուժօգնության ցուցաբերման տեսական հիմունքները և ձեռք բերել անհրաժեշտ գործնական հմտություններ։ Դասընթացի շրջանակում նա կատարել է տարբեր գործնական վարժանքներ մանեկենների վրա՝ պատրաստ լինելով անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն և ճիշտ արձագանքել արտակարգ իրավիճակներում։ Այս կարևոր գիտելիքներն ու կարողությունները ոչ միայն նպաստում են անձնական զարգացմանը, այլև ձևավորում են պատասխանատու և պատրաստակամ քաղաքացի։ Մշակութային ոլորտում ևս դասարանի սովորողները գրանցել են նշանակալի հաջողություններ։ Էլինա Բաղդասարյանը և Էլիզա Բաղդասարյանը 2025–2026 ուսումնական տարում գերազանցությամբ ավարտել են Գորիսի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը՝ արժանանալով կարմիր դիպլոմների։ Այս բարձր գնահատականը վկայում է նրանց հետևողական աշխատանքի, ստեղծագործական կարողությունների և արվեստի հանդեպ նվիրումի մասին։ Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի բաժնի սան Լևոն Միրումյանը շուրջ երեք տարի է, ինչ զբաղվում է ձյուդոյով՝ այս ընթացքում գրանցելով բազմաթիվ հաջողություններ և մրցաշարերում արժանանալով մրցանակային տեղերի։ Նա մի շարք մրցումներում զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնական, իսկ 2026 թվականին մասնակցել է Սյունիքի մարզի Սիսիանի մանկապատանեկան ձյուդոյի ֆեդերացիայի բաց առաջնությանը, որտեղ իր քաշային կարգում ցուցաբերել է բարձր մարզական պատրաստվածություն և նվաճել պատվավոր 2-րդ հորիզոնականը, շարունակելով հպարտությամբ ներկայացնել իր մարզադպրոցը և հաստատելով, որ նպատակասլաց աշխատանքի շնորհիվ նոր հաջողությունները դեռ առջևում են։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հպարտ է իր շնորհալի, նպատակասլաց և բազմակողմանի զարգացած սովորողներով, որոնց յուրաքանչյուր ձեռքբերում դպրոցի կրթական և դաստիարակչական աշխատանքի կարևոր արդյունքներից է։ Նրանց հաջողությունները լավագույն վկայությունն են այն բանի, որ համառ աշխատանքը, գիտելիքի հանդեպ սերը և ստեղծագործական ձգտումը միշտ էլ արժանանում են բարձր գնահատականի։ Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր շնորհալի սաներին՝ մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ, անսպառ եռանդ և բազմաթիվ հաղթանակներ՝ ի փառս իրենց, դպրոցի, համայնքի և հայրենիքի։
| |
|
| |
| Դիտումներ: 52 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


