|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 3-րդ «Ա» դասարանի սովորողները շարունակում են աչքի ընկնել ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև սպորտի, արվեստի և մշակույթի տարբեր ոլորտներում՝ գրանցելով հերթական հաջողություններն ու պատվով ներկայացնելով իրենց դպրոցը հանրապետական և մարզային միջոցառումներում։ Դասարանի սովորող Միքայել Խաչատրյանը մասնակցել է Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված Սյունիքի մարզի ազատ ոճի ըմբշամարտի բաց առաջնությանը, որտեղ ցուցաբերել է գերազանց մարզական պատրաստվածություն և արժանացել ոսկե մեդալի՝ դառնալով առաջնության հաղթող։ Միքայել Խաչատրյանը և Արթուր Մաշուրյանը իրենց ուժերն են փորձել նաև Լևիկ Իսրայելյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում՝ գրանցելով բարձր արդյունքներ և արժանանալով բրոնզե մեդալների։ Արվեստի ոլորտում ևս դասարանի սովորողները գրանցել են կարևոր հաջողություններ։ Արփի Մանուչարյանը, Մանե Առաքելյանը, Գոհար Սարգսյանը, Լիլիա Լալաբեկյանը և Տիգրան Օսիպովը մասնակցել են «Ազդարար Արտ Փրոդաքշն»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Սյունաց Քոչարի» ազգային պարի համահայկական փառատոնին։ Իրենց գեղեցիկ, ներդաշնակ և տպավորիչ ելույթների շնորհիվ նրանք արժանացել են պատվոգրերի՝ ևս մեկ անգամ հաստատելով ազգային մշակույթի պահպանման և տարածման գործում երիտասարդ սերնդի ակտիվ մասնակցությունը։ Նարե Ավագանը, որպես երաժշտական դպրոցի առաջին դասարանի սան, պատվով ներկայացրել է իր կրթօջախը՝ մասնակցելով Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի հաշվետու համերգին և հանդես գալով գեղեցիկ ու հիշարժան ելույթով։ Դասարանի սովորող Ավետ Ավետյանը մասնակցել է կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Վերածնունդ» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի շրջանակում կազմակերպված «1000 և մեկ դհոլահարների» միասնական կատարումը սահմանել է համաշխարհային ռեկորդ, որն ընդգրկվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։ Այս նշանակալի նախագծում Ավետի մասնակցությունը դարձել է հպարտության առիթ ինչպես դպրոցի, այնպես էլ համայնքի համար։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հպարտ է իր շնորհալի, նպատակասլաց և բազմակողմանի զարգացած սովորողներով, որոնց յուրաքանչյուր հաջողություն դպրոցի կրթական ու դաստիարակչական աշխատանքի կարևոր արդյունքներից է։ Սրտանց շնորհավորում ենք մեր բոլոր շնորհալի սաներին՝ մաղթելով առողջություն, նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ, անսպառ եռանդ և բազմաթիվ հաղթանակներ՝ ի փառս իրենց, դպրոցի, համայնքի և հայրենիքի։
| |
|
| |
| Դիտումներ: 16 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




