|
Երևանում կայացել է ՀԲԸՄ «ՏեխնՈւս» ծրագրի շրջանակում իրականացվող «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական առկա հանդիպումը, որին մասնակցել է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիս բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Օլյա Ղուլյանը։ «ՏեխնՈւս» ծրագիրը միավորում է Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 180 ուսուցիչների, որոնք շարունակաբար զարգացնում են իրենց թվային և մասնագիտական կարողությունները, ծանոթանում կրթական նորարարական տեխնոլոգիաներին, արդիական մեթոդներին ու գործիքներին՝ դրանք հետագայում դասապրոցեսում արդյունավետ կիրառելու նպատակով։ Ծրագրի հիմնական նպատակը դպրոցներում ժամանակակից, տեխնոլոգիական և սովորողակենտրոն կրթության խթանումն է։ Առկա հանդիպմանը նախորդել է մի շարք հեռավար դասընթացների փուլ, որի ընթացքում մասնակիցները ստացել են տեսական գիտելիքներ և կատարել անհատական առաջադրանքներ։ Երևանում կազմակերպված հերթական հանդիպման ընթացքում ուսուցիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կատարած գործնական աշխատանքները, փոխանակելու մասնագիտական փորձը, քննարկելու դասավանդման արդյունավետ մեթոդներ և համագործակցելու ոլորտի այլ մասնագետների հետ։ Հատկանշական է, որ ծրագրին Գորիս համայնքից մասնակցում են նաև Գորիս բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Զարինե Աբգարյանը, Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նինել Նահապետյանը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցիչ, Գորիս բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Տիգրան Հարությունյանը, ինչպես նաև Քարահունջի միջնակարգ դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիս բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Անի Դալլաքյանը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կարևորում են մանկավարժների շարունակական մասնագիտական զարգացումը՝ համոզված լինելով, որ նոր գիտելիքների, թվային հմտությունների և ժամանակակից կրթական մոտեցումների ներդրումը նպաստում է ուսուցման արդյունավետության բարձրացմանն ու սովորողների համար առավել հետաքրքիր և որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 16 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



