|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ավարտին է մոտենում «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրը, որը նախատեսված էր 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան ընդունվող երեխաների համար։ Ծրագրի գլխավոր նպատակն էր ապահովել փոքրիկների սահուն, անվտանգ և հաճելի անցումը նախադպրոցական միջավայրից դեպի դպրոցական կյանք՝ ձևավորելով դրական վերաբերմունք դպրոցի նկատմամբ և օգնելով նրանց վստահությամբ ու հետաքրքրությամբ կատարել իրենց առաջին քայլերը կրթության աշխարհում։ Ամառային հանդիպումների ընթացքում ապագա առաջին դասարանցիները մասնակցել են բազմաբովանդակ ուսուցողական, ճանաչողական, ստեղծագործական և խաղային գործունեությունների։ Դրանց շնորհիվ երեխաները զարգացրել են հաղորդակցական, սոցիալական և ճանաչողական հմտությունները, սովորել են համագործակցել, արտահայտել սեփական մտքերն ու գաղափարները, կայացնել պարզ որոշումներ, աշխատել խմբերում և վստահորեն շփվել նոր միջավայրում։ Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել աստիճանաբար ծանոթանալու դպրոցի միջավայրին, դասասենյակներին, ուսումնական գործընթացի առանձնահատկություններին և դպրոցական առօրյային։ Նման նախապատրաստական աշխատանքը նպաստում է, որպեսզի սեպտեմբերի 1-ին նրանք դպրոց հաճախեն առավել պատրաստված, հանգիստ և ինքնավստահ՝ ունենալով արդեն ձևավորված առաջին դպրոցական փորձառությունը։ Ծրագրի արդյունավետ իրականացումը ապահովել են դպրոցի փորձառու դասվարներ Ռիտա Շալունցը, Իրինա Ջավահիրյանը, Անահիտ Աղաբեկյանը և Տաթևիկ Փարսադանյանը, որոնք երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան կազմակերպել են հետաքրքիր, բովանդակալից և զարգացնող պարապմունքներ։ Յուրաքանչյուր հանդիպում վերածվել է նոր գիտելիքների, ստեղծագործական բացահայտումների, ընկերական շփման և ուրախ հիշողությունների։ Դպրոցում վստահ են, որ ծրագրի մասնակից փոքրիկները նոր ուսումնական տարին կսկսեն ավելի պատրաստված, ինքնավստահ և մեծ ոգևորությամբ՝ սիրով բացելով իրենց դպրոցական կյանքի առաջին էջը։ Հիշեցնենք, որ «Ողջույն դպրոց», «Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցությամբ և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ։
| |
|
| |
| Դիտումներ: 61 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









