Դպրոց-բուհ համագործակցություն՝ հանուն Գորիսի քարանձավային և ժայռային էկոհամակարգերի պահպանման

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է դպրոց-բուհ արդյունավետ համագործակցությունը՝ միավորելով կրթությունը, գիտությունն ու բնապահպանական պատասխանատվությունը։

Դպրոց-բուհ համագործակցության շրջանակում Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս, պատմաբան Գայանե Շաբունցը հանդիպել է դպրոցի «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի մասնակից սովորողների և ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան. Գորիսի քարանձավների և ժայռային էկոհամակարգերի աշխարհը» նախագծային աշխատանքի կրթական, գիտական և հանրային նշանակությունը։

Քննարկման ընթացքում ներկայացվել է Գորիսի քարանձավների պատմաճարտարապետական արժեքը, ինչպես նաև դրանց պահպանության և գիտական ուսումնասիրության կարևորությունը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կայուն զբոսաշրջության սկզբունքներին՝ ընդգծելով պատմամշակութային և հնագիտական ժառանգության պահպանության, զբոսաշրջային երթուղիների ու տեղաշարժման ուղիների ճշգրիտ քարտեզագրման անհրաժեշտությունը։ Մասնակիցների համոզմամբ՝ այս քայլերը կարող են կարևոր խթան հանդիսանալ տարածաշրջանում էկոզբոսաշրջության զարգացման համար։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ քարանձավների պատմամշակութային ժառանգության հանրայնացումը, քարտեզագրումը, տեղեկատվական բլոգի, գրքույկների և ճանաչողական խորհրդանիշների ստեղծումը կնպաստեն ոչ միայն պատմական արժեքների պահպանմանը, այլև կբարձրացնեն տեղական հյուրատների, զբոսաշրջային կազմակերպությունների և համայնքի զբոսաշրջային գրավչությունը։

Քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ նախագծի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գորիսի քարանձավների և ժայռային էկոհամակարգերի ամբողջ ներուժը դեռևս լիարժեք ուսումնասիրված և բացահայտված չէ։ Մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրներում քարանձավային զբոսաշրջությունը (սպելեոտուրիզմը) նպաստում է գիտության, կրթության, բնապահպանության և տեղական տնտեսության զարգացմանը։

Նախագիծը միտված է ոչ միայն քարտեզագրելու և ուսումնասիրելու Գորիսի եզակի բնական ժառանգությունը, այլև այն ճանաչելի դարձնելու Հայաստանում և միջազգային մակարդակում՝ նպաստելով դրա պահպանությանը, հանրայնացմանը և ճիշտ ներկայացմանը։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 19 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar