|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» հիմնադրամի համագործակցության շրջանակում շարունակվում է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագիրը։ Հուլիսի 31-ին ամփոփվել են ծրագրի երրորդ փուլի արդյունքները, որի ընթացքում վերապատրաստումն ավարտած ուսուցիչներին հանձնվել են հավաստագրեր։ Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստան «ՏեխնՈւս» ծրագրի ղեկավար Գայանե Աբգարյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի նշանակությունը՝ ընդգծելով, որ այն դասավանդվում է տարրական դպրոցից և հանդիսանում է երեխաների թվային կարողությունների ձևավորման հիմնասյուներից մեկը։ Ծրագրի երրորդ փուլում վերապատրաստում է անցել 180 ուսուցիչ՝ Շիրակի, Գեղարքունիքի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից։ Գորիս համայնքից ծրագրին մասնակցել են նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Օլյա Ղուլյանը, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Զարինե Աբգարյանը, Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նինել Նահապետյանը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցիչ, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Տիգրան Հարությունյանը, Քարահունջի միջնակարգ դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի դասախոս Անի Դալլաքյանը, ինչպես նաև Խնձորեսկի միջնակարգ դպրոցի «ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը։ 2025–2026 թվականներին ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ վերապատրաստվել է 420 ուսուցիչ, որոնցից 165-ը դասավանդում են 5–6-րդ դասարաններում, իսկ 255-ը՝ տարրական դասարաններում։ Ծրագրի արդյունքները վկայում են նաև դրա արդյունավետության մասին. վերապատրաստված ուսուցիչների շուրջ 30 տոկոսն արդեն մասնակցել է կամավոր ատեստավորմանը՝ գրանցելով 65–91 տոկոս արդյունք, իսկ մի շարք մասնակիցներ ստացել են ուսուցչի որակավորման 2–4-րդ աստիճանի տարակարգ։
| |
|
| |
| Դիտումներ: 58 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



