Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու սովորողները ուսումնական ճանաչողական այց կատարեցին Գորիսի երկրագիտական թանգարան

«Սմարթ էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2026թ.» ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու սովորողները ուսումնական ճանաչողական այց կատարեցին Գորիսի երկրագիտական թանգարան՝ նպատակ ունենալով խորացնել իրենց գիտելիքները հայրենիքի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ։

Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան թանգարանում պահպանվող արժեքավոր ցուցանմուշներին, ուսումնասիրեցին Գորիսի քարանձավային բնակավայրերից հայտնաբերված իրական հնագիտական գտածոները, տեղեկացան դրանց պատմական նշանակության, ժամանակագրական շերտերի և գիտական ուսումնասիրությունների արդյունքների մասին։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց Սյունիքի, հատկապես Գորիսի քարանձավային մշակույթի և քաղաքակրթության բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության մեջ։ Ներկայացվեցին տարածաշրջանի հարուստ հնագիտական ժառանգության առանձնահատկությունները, որոնք կարևոր նշանակություն ունեն ազգային ինքնության, պատմական հիշողության և հայրենագիտական արժեքների պահպանման ու փոխանցման գործում։

Ճանաչողական այցը սովորողներին հնարավորություն տվեց դասարանում ստացած տեսական գիտելիքները համադրել իրական պատմամշակութային վկայությունների հետ, անմիջականորեն հաղորդակից դառնալ հազարամյակների պատմություն ունեցող հնագիտական արժեքներին և նորովի բացահայտել հայրենի տարածաշրջանի պատմական խորությունն ու մշակութային հարստությունը։

Նման նախաձեռնությունները նպաստում են սովորողների հետազոտական հետաքրքրությունների զարգացմանը, պատմամշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և հայրենաճանաչության ամրապնդմանը։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 34 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar