|
Օգոստոսի 6-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին։ Հանդիպման ընթացքում դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը և «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանը ներկայացրին դպրոցում ֆրանսերենի դասավանդման ընթացքը, անդրադարձան խորացված ուսուցման ծրագրի իրականացման առաջին արդյունքներին, քննարկեցին առկա ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ֆրանսերենի մասնագետների պատրաստման և ներգրավման հետ կապված հարցերը։ Քննարկման առանցքում էին նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը և սովորողների համար նոր կրթական հնարավորությունների ստեղծումը։ Դոմինիկ Վեյսին կարևորեց դպրոցի նախաձեռնողականությունը՝ նշելով, որ համագործակցությունն արդեն նոր փուլ է մտել, քանի որ 2025–2026 ուսումնական տարվանից դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է խորացված ծրագրով։ Նրա խոսքով՝ սա կարևոր քայլ է ֆրանսերեն լեզվի տարածման և ֆրանկոֆոն կրթական արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» լայնածավալ պետական ծրագրի շրջանակում դպրոցում իրականացված հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև կրթական միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը։ Նա ընդգծեց, որ ժամանակակից և անվտանգ պայմանները նպաստում են ուսուցման արդյունավետ կազմակերպմանը և նոր կրթական նախաձեռնությունների հաջող իրականացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 10 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




