Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցները հանդիպել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 15-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցները հանդիպել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ։

Իրազեկման հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական հաստատությունների գործունեությանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դպրոցի շենքային պայմանների, լաբորատորիաների և առարկայական կաբինետների նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, դրանց պահպանման և պատշաճ պայմանների ապահովման կարևորությանը։

Քննարկվել են նաև աշխատանքային օրենսդրության մի շարք կարգավորումներ և դրանց գործնական կիրառման առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել աշխատողների աշխատանքային իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև ծնողական ժամին վերաբերող կարգավորումներին։

Հանդիպումը հնարավորություն է տվել դպրոցի աշխատակիցներին մասնագետներից ստանալ պարզաբանումներ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ և առավել մանրամասն ծանոթանալ գործող պահանջներին ու կարգավորումներին։

Դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ իրազեկման հանդիպման, ներկայացված պարզաբանումների և մասնագիտական աջակցության համար։

Նա կարևորել է նման ձևաչափով հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են օրենսդրական պահանջների վերաբերյալ աշխատակիցների իրազեկվածության բարձրացմանը և դրանց պատշաճ կիրառմանը դպրոցում։

    

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 14 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar