|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում սեպտեմբերի 23-ին անցկացվել է երկրաշարժերի ժամանակ ճիշտ վարքագծին և անվտանգության կանոններին նվիրված ուսուցում։ Հանդիպումն իրականացվել է ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության «Գորիս» կենտրոնի հետ համագործակցության շրջանակում։ 5-7-րդ դասարանների սովորողների հետ ուսուցումն անցկացրել է կենտրոնի 1-ին կարգի մասնագետ Անի Արշակյանը։ Ուսուցման ընթացքում մասնագետը սովորողներին ներկայացրել է երկրաշարժի ժամանակ անվտանգ վարքագծի հիմնական կանոնները՝ առանձնացնելով տարբեր իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն դեպքերին, երբ երկրաշարժի պահին մարդը գտնվում է շենքի ներսում կամ դրսում, ինչպես նաև այն իրավիճակին, երբ հնարավոր է հայտնվել փլատակների տակ։ Ներկայացվել են նաև առաջին ցնցումից հետո ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը։ Անի Արշակյանը սովորողներին բացատրել է, որ երկրաշարժի ժամանակ առաջնային նշանակություն ունի խուճապի չմատնվելը և հնարավորինս արագ անվտանգ դիրք զբաղեցնելը։ Նա ընդգծել է, որ առաջին ցնցումների ժամանակ անհրաժեշտ է պաշտպանվել թափվող բեկորներից, ապակուց և ծանր առարկաներից։ Հանդիպման ընթացքում մասնագետը սովորողների ուշադրությունը հրավիրել է նաև երկրաշարժերի ուժգնության և դրանց հնարավոր հետևանքների վրա՝ ներկայացնելով սեյսմիկ վտանգի հիմնական դրսևորումները։ Ուսուցումը ոչ միայն տեսական բնույթ է կրել, այլև ուղղված է եղել սովորողների գործնական պատրաստվածության բարձրացմանը․ տարբեր իրավիճակների քննարկման միջոցով նրանք հնարավորություն են ունեցել հասկանալու, թե արտակարգ իրավիճակում ինչ հերթականությամբ պետք է գործել և ինչ գործողություններից պետք է խուսափել։ Նման հանդիպումները կարևոր են դպրոցականների շրջանում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության, անվտանգության մշակույթի և ինքնապաշտպանական հմտությունների ձևավորման տեսանկյունից։ Դպրոցում նման նախաձեռնությունների իրականացումը նպաստում է նաև նրան, որ սովորողները կարողանան արտակարգ իրավիճակներում պահպանել հանգստություն, ճիշտ գնահատել վտանգը և գործել համապատասխան վարքականոնների համաձայն։
| |
|
| |
| Դիտումներ: 77 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




