|
Սեպտեմբերի 28-ից Գորիսի պետական համալսարանի «Անգլերեն լեզու և գրականություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների 3-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ Պրակտիկան ունի ճանաչողական և պասիվ բնույթ՝ նպատակ ունենալով ուսանողներին ծանոթացնել հանրակրթական հաստատության գործունեությանը, կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և ուսուցչի մասնագիտական գործունեությանը։ Ուսանողների պրակտիկան կազմակերպում և համակարգում է դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանը։ Պրակտիկայի շրջանակում ուսանողները ծանոթանում են դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական պահանջներին, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում կիրառվող հիմնական փաստաթղթերին։ Պրակտիկայի ընթացքում ուսանողներն ուսումնասիրել են հանրակրթության պետական չափորոշիչները, առարկայական ծրագրերը, թեմատիկ և օրացուցային-թեմատիկ պլանները, ինչպես նաև դիտարկել դասապրոցեսի կազմակերպման տարբեր մեթոդներ և ուսուցման մոտեցումներ։ Ուսումնական պրակտիկան հնարավորություն է տալիս ապագա մանկավարժներին համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները դիտարկել իրական կրթական միջավայրում, ծանոթանալ դպրոցի առօրյա աշխատանքին և առավել ամբողջական պատկերացում կազմել ուսուցչի մասնագիտական գործունեության մասին։
| |
|
| |
| Դիտումներ: 5 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




