|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ԲՏՃՄ մեթոդմիավորման նախագահ Հերմինե Ալավերդյանի կողմից մշակված «Կարողունակահեն, տվյալահեն, ներառական և համագործակցային ուսուցման կազմակերպում» մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացման դասընթացի ծրագիրը Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) կողմից երաշխավորվել է գործածության։ Ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով հաստատված՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրը։ 60 ակադեմիական ժամ տևողությամբ ներդպրոցական մասնագիտական զարգացման դասընթացի նպատակն է զարգացնել մանկավարժական աշխատողների՝ կարողունակահեն ուսուցում կազմակերպելու, ձևավորող գնահատում իրականացնելու, կրթական տվյալները վերլուծելու և կիրառելու, ներառական ու անվտանգ կրթական միջավայր ձևավորելու, ինչպես նաև արդյունավետ մասնագիտական համագործակցություն ծավալելու կարողությունները։ Դասընթացը ներառում է 10 մոդուլ՝ յուրաքանչյուրի համար նախատեսված 6 ակադեմիական ժամով։ Մոդուլներն ընդգրկում են կարողունակահեն դասի նախագծումը, ձևավորող գնահատումը, սովորողների առաջընթացի տվյալների վերլուծությունն ու կիրառումը, նախագծային և միջառարկայական ուսուցումը, դասավանդման մեթոդների նպատակային ընտրությունը, ուսուցչի ինքնագնահատումն ու մասնագիտական զարգացումը, գործընկերային դասալսումը, ներառական դասարանի կազմակերպումը, սովորողի ձայնի խթանումը, ինչպես նաև երեխայի պաշտպանության ռիսկերի վաղ հայտնաբերումն ու դրանց արձագանքման թիմային մեխանիզմները։ Ծրագրի երաշխավորումը կարևոր քայլ է դպրոցի՝ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներում։ Այն միտված է դասավանդման որակի բարձրացմանը, կրթական տվյալների արդյունավետ կիրառմանը, սովորողակենտրոն մոտեցումների ամրապնդմանը և յուրաքանչյուր սովորողի կրթական կարիքներին համապատասխան միջավայրի ձևավորմանը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծում է Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի՝ կրթության որակի բարելավման, նորարարական մոտեցումների ներդրման և մանկավարժական համայնքի մասնագիտական ներուժի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։ | |
|
| |
| Դիտումներ: 12 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

